Արցախցի ընտանիքներին հյուրընկալածները պետությունից աջակցություն կստանան

Կառավարության որոշմամբ` փոխհատուցման կարգը մշակվել է առաջիկա 6 ամիսների համար: Այն կրելու է ժամանակավոր բնույթ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Արցախցի ընտանիքներին հյուրընկալած հայաստանցիներն ու արցախցիները պետությունից ֆինանսական աջակցություն կստանան: Տեղեկությունն այսօր կառավարության նիստում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը:

Կառավարությունը կփոխհատուցի Հայաստանում տուն ու ունեցվածք կորցրած քաղաքացիներին

«Յուրաքանչյուր անձի համար՝ ՀՀ-ում՝ 30 000 դրամ, Արցախում՝ 45 000 դրամի չափով»,- ասաց Առաքելյանը:

Նրա խոսքով` միջոցառումը կրելու է ժամանակավոր բնույթ, և առայժմ հաշվարկված է առաջիկա 6 ամսվա համար: Գումարը հատկացվելու է ամսական սկզբունքով:

«Հյուրընկալող քաղաքացիները կարող են դիմել էլեկտրոնային նամակով՝ կցելով այն քաղաքացիների տվյալները, ում հյուրընկալում են»,- ասաց նախարարը:

Փոխհատուցվող գումարը չի հարկվելու:

1–5 մլն դրամ. պետությունն աջակցություն կտրամադրի զոհերի ընտանիքներին ու հաշմանդամներին

Նշենք, որ Արցախում սեպտեմբերի 27–ին մեկնարկած թուրքա–ադրբեջանական ագրեսիայի հետևանքով շատ արցախցիներ` հիմնականում կանայք և երեխաներ,  ժամանակավորապես տեղափոխվել են Հայաստան։