Արմավիրում 2010 թ-ի պաշտոնական կեղծիքը բացահայտվեց․ ի՞նչ կապ ունի Ռուբեն Հայրապետյանը

Արմավիր նախկին համայնքապետն առանց մրցույթ հայտարարելու 360.0 քմ մակերեսով հողամասը 75 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով տրամադրվել էր ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Ավարտվել է Արմավիրի համայնքապետարանում 2010թ. պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, պարզվել են որոշ հանգամանքներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ռուբեն Հայրապետյանի քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքն անհետացել է Ազգային արխիվից

«Արմավիր համայնքի նախկին ղեկավարը, նրա տեղակալը, օգնականը, համայնքապետարանի իրավաբանական բաժնի պետը և նույն բաժնի առաջին կարգի մասնագետը, ընդգրկված լինելով Արմավիրի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող պետության և համայնքային սեփականությանը պատկանող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրող մրցութային հանձնաժողովի կազմում, առանց մրցույթ կազմակերպելու, 25.01.2010թ. թվագրմամբ կազմել, ստորագրել և շրջանառության մեջ են դրել մրցույթի արդյունքների վերաբերյալ կեղծ արձանագրություն։ Դրանով ք Արմավիր համայնքի քաղաքային զբոսայգու հարակից՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված օտարումն արգելված 360.0քմ մակերեսով հողամասը 75 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով տրամադրվել է Արմավիր համայնքի այդ ժամանակ գործող ղեկավարի  հետ խնամիական կապի մեջ գտնվող, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին։ Ի դեպ, վերջինս նշված մրցույթին չի մասնակցել, քանի որ տվյալ ժամանակահատվածում բացակայել է Հայաստանի Հանրապետությունից»,-նշված է հաղորդագրության մեջ:

ՔԿ–ն կպարզի` ինչպես է Ռուբեն Հայրապետյանը պատգամավոր դարձել ՌԴ քաղաքացիությամբ

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիր համայնքի ղեկավարի նախկին տեղակալին և համայնքապետարանի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք) և որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Հանձնաժողովի նախագահի և մյուս անդամների, ինչպես նաև Ռուբեն Հայրապետյանի համաձայնությամբ որոշումներ են կայացվել նրանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ նշված հանցագործության կատարման համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: