Արևային հզոր կայանի կառուցումը կհանձնվի կա՛մ չինացիներին, կա՛մ ռուսներին, կա՛մ արաբներին

Մրցույթի նախաորակավորման փուլը հաղթահարել են երեք ընկերություններ՝ Hidro China Corporation, «Գազպրոմ» էներգահոլդինգ ՍՊԸ, Abu Dhabi Future Energy Company:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքների վարչական տարածքներում կկառուցվի 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային «Այգ- 1» կայան:

Արևային կայանների չափաբաժինը Հայաստանի էներգահամակարգում ավելանում է. ինչ ցուցանիշներ կան

Տեղեկությունն այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ կայանի կառուցման նպատակով ՀՀ կառավարությունն առաջիկայում մրցույթ կհայտարարի:

«Ծրագրի շրջանակում անցկացված նախաորակավորման ընթացակարգի արդյունքում հաստատվել է նախաորակավորված մասնակիցների ցանկը` Hidro China Corporation, «Գազպրոմ» էներգահոլդինգ ՍՊԸ, Abu Dhabi Future Energy Company»,- ասաց Պապիկյանը:

Նախագծի հաստատումից առաջ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ նախատեսվում է մրցույթն ամփոփել 2021 թ.-ի փետրվար ամսվա ընթացքում:

«Այդժամ արդեն կունենանք վերջնական հաղթողին»,- ասաց Ավինյանը:

ԱԺ–ն գործուղումների գումար չունի. կառավարությունը պահուստային ֆոնդից փող հատկացրեց

Հիշեցնենք՝ արևային ֆոտովոլտային «Այգ- 1» կայանի կառուցման ծրագիրը ՀՀ կառավարությունը հաստատել էր մայիսի 21-ի նիստում՝ հիմք ընդունելով «Մասդար Արմենիա» ընկերության  ներդրումային ծրագիրը: Ըստ այդ որոշման, մրցույթում հաղթող կճանաչվի այն ընկերությունը, որն առավել ցածր գնային առաջարկ կներկայացնի: