Արցախի և Հայաստանի պաշտպանության նախարարները հանդիպել ու հրատապ հարցեր են քննարկել

Վաղարշակ Հարությունյանն այցելել է նաև Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայություն, զրուցել զոհվածների մարմինների որոնողական աշխատանքներում ներգրավված անձնակազմի հետ, նշել որոնողական խմբերի ավելացման անհրաժեշտությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի - Sputnik. Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը դեկտեմբերի 2-ին հանդիպել է ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ապշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Պաշտպանության բանակի հրամանատարը ներկայացրել է արցախա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը, առաջնագծում իրականացվող աշխատանքները և նոր ենթակառուցվածքների ստեղծման ընթացքը:

Արցախի և Հայաստանի պաշտպանության նախարարները հանդիպել ու հրատապ հարցեր են քննարկել

Արզումանյանն ընդգծել է, որ հետագա խնդիրների լիարժեք կատարման և Արցախի անվտանգության ապահովման համար ընթանում են զորքերի վերակազմակերպման և ստորաբաժանումների խնդիրների ու կառուցվածքի վերանայման աշխատանքներ:

ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է Պաշտպանության բանակում իրականացվող լայնածավալ աշխատանքները, հավաստիացրել, որ ձեռնարկվելու են հնարավոր բոլոր գործողությունները հայկական երկու հանրապետությունների անվտանգային համակարգի վերափոխման և առավել ամրապնդման ուղղությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարը գերիների վերադարձի հարցով խոսել է Ռուստամ Մուրադովի հետ

Անդրադարձ է կատարվել նաև ՌԴ խաղաղապահ զորախմբի հետ փոխգործակցությանը վերաբերող հարցերին:

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է նաև Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայություն, զրուցել զոհվածների մարմինների որոնողական աշխատանքներում ներգրավված անձնակազմի հետ, նշել որոնողական խմբերի ավելացման անհրաժեշտությունը:

Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարարը ԱՀ նախագահի, ԱՀ ՊԲ հրամանատարի և ԱՀ ԱԻՊԾ ղեկավարի հետ մասնակցել է անհետ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների հարազատների հետ հանդիպմանը:

Հարությունյանը հանդիպման ընթացքում նշել է, որ Հայաստանում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը շուրջօրյա բանակցություններ է վարում ադրբեջանական և ռուսական կողմերի, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ որոնումների ինտենսիվությունը բարձրացնելու և որոնողական տարածքներն ընդլայնելու ուղղությամբ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է նաև, որ պարբերաբար հեռախոսազրույցներ է ունենում ՌԴ իր պաշտոնակցի, Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի հետ՝ քննարկումների առանցքում պահելով գերության մեջ հայտնվածների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման հարցը: