Արա Այվազյանը 4 քայլ է նշել հակամարտության լուծմանը հասնելու համար

ԵԱՀԿ նախարարական խորհրդի 27-րդ հանդիպման ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարարն անդրադարձել է ԼՂ հակամարտության հարցին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի ԵԱՀԿ նախարարական խորհրդի 27-րդ հանդիպման ժամանակ իր ելույթում նշել է, թե ինչ է պետք անել Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու և տարածաշրջանում տևական ու կայուն խաղաղություն հաստատելու համար։ ԱԳՆ–ի տարածած հաղորդագրության համաձայն` Այվազյանը 4 քայլ է նշել.

  • Արցախի կարգավիճակը՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, Արցախի ժողովրդի անվտանգությունը,
  • Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների դեօկուպացիան,
  • վերջերս տեղահանված բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձը իրենց բնակավայրեր,
  • Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանությունը:

«Իսկ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով ռազմագերիների և այլ պատանդների անհապաղ և անվերապահ փոխանակումը, աճյունների վերադարձը պետք է իրականացվեն առանց որևէ հապաղման: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չի հանգեցնում ԼՂ հակամարտության վերջնական քաղաքական և տևական կարգավորմանը: Միայն քաղաքական և բանակցված կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները, կարող է խաղաղություն և հաշտություն բերել Հարավային Կովկասի տարածաշրջան»,–ասել է Այվազյանը։

Ալիևը հայ գերիների վերադարձը ձգձգում է երկու պատճառով. Այվազյանը փակագծեր է բացում

Նրա խոսքով` այդ նպատակին հասնելու համար Թուրքիան պետք է հրաժարվի իր ապակայունացնող քաղաքականությունից և զերծ մնա ցանկացած գործողությունից, որը կարող է էլ ավելի սրել լարվածությունը։ Այվազյանը նշել է, որ դրական է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների՝ այսօր ավելի վաղ արված հայտարարությունը, որը ևս մեկ անգամ ի ցույց է նրանց միասնականությունը և հաստատակամությունը հակամարտության՝ բանակցությունների միջոցով համապարփակ և կայուն խաղաղ կարգավորման գործում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ–ի պատվիրակությունների ղեկավարները` Ռուսաստանի, Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Ժան–Իվ լը Դրիանը, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանն այսօր համատեղ հայտարարություն են տարածել`նշելով, որ բոլոր օտարերկրյա վարձկանները պետք է անհապաղ դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից։

Բացի այդ, նրանք Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել առաջին հնարավորության դեպքում ընդունել Մինսկի խմբի համանախագահներին, որպեսզի հակամարտության վերջնական լուծման նպատակով ձեռնամուխ լինեն առարկայական բանակցությունների:

Վարձկաններին դուրս բերելու համար ԵԱՀԿ երկրները պետք է ազդեն Թուրքիայի վրա. Այվազյան