ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջող բողոքի երթի կազմակերպիչները Երևանի Հանրապետության հրապարակում հանդես եկան հայտարարությամբ, որտեղ քաղաքացիներին կոչ արեցին Երևանի տարբեր փողոցներում վաղը՝ ժամը 18:00-ին, անհնազանդության ակցիաներ իրականացնել:
«Իրականացնելով անհնազանդության ակցիաներ, փակելով փողոցներ, ցույց տանք, որ Նիկոլ Փաշինյանը տեղ չունի մեր երկրում: Ժամը 18:00-ին ապակենտրոն սկզբունքով փակում ենք փողոցները»,- հայտարարեց ակցիայի կազմակերպիչներից մեկը:
Նա նաև տեղեկացրեց, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում հրավիրվում է համապետական հանրահավաք, որի ընթացքում, նրա խոսքով, բոլորը կտեսնեն, թե իրենց շարքերը որքան են ավելացել:
Բողոքի ակցիան ավարտվեց Հանրապետության հրապարակում, կառավարության շենքի դիմաց «Նիկոլ, դավաճան» վանկարկումներով ու հրապարակի կենտրոնում մեծ եռագույն դրոշ ծածանելով:
«Նոյեմբերի 10-ը պիտի հայրենադավության օր հռչակվի». Նաիրա Զոհրաբյանը նոր նախագիծ է մշակում
Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին արցախյան ռազմաճակատներում հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Փաշինյանի ու կառավարության հրաժարականի պահանջով Հայաստանում բողոքի ակցիաներ են սկսվել։