Ո՞ր դատավորներն են գնացել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման. «Ժողովուրդ»

Դատական համակարգում ասում են, որ վարչապետի հետ հանդիպման գնացած դատարանների նախագահների ցանկացած որոշում պետք է կասկածի տակ դրվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և դատական համակարգի մի քանի ներկայացուցիչների հանդիպումից: Ըստ օրաթերթի տեղեկությունների` դատական համակարգում խոսակցություններ կան, որ Փաշինյանը հանդիպման հրավիրել է այն դատարանների դատավորներին, որոնցից շատերը շահագրգռվածություններ ունեն:

Կառավարությունում դատավորների հետ նմանատիպ քննարկումն անընդունելի է. ՄԻՊ-ը վրդովված է

«Օրինակ՝ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանին համարում են աղմկահարույց դատական գործերով իշխանահաճո որոշումներ կայացնող դատավոր։ Մասնավորապես, նա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասով քննվող քրեական գործի պարագայում այն հետ ուղարկեց Վերաքննիչ դատարան՝ նոր քննություն իրականացնելու: Այսինքն՝ այնպիսի որոշումներ է կայացրել, որ իշխանությանը դեմ չի գնացել»,–գրել է թերթը։

Մյուս դատավորը, որը ներկա է եղել վարչապետի հետ հանդիպմանը, եղել է Հովսեփ Բեդևյանը, որը Վճռաբեկ դատարանի դատավոր է ցանկանում դառնալ. այդ հաստիքը թափուր է Երվանդ Խունդկարյանի՝ ՍԴ անդամ դառնալուց հետո: Ընդ որում` այդ թեկնածուին ընտրելու է իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը:

Սերժ Սարգսյանի եղբորորդին ընդունեց զենք պահելու և թմրանյութեր շրջանառելու մեղադրանքը

Բացի այդ, Վիգեն Քոչարյանին արդարադատության փոխնախարարի պաշտոնից ազատեցին, սակայն առանց աշխատանք չթողեցին, և նա դարձավ ԲԴԽ անդամ։ Իսկ Անի Մխիթարյանն ու Արմեն Չիչոյանն էլ եղել են ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կադրերից, սակայն նրա հեռանալուց հետո պատրաստ են անել ամեն բան, միայն թե իրենց չնեղացնեն:

Ըստ թերթի` ստացվում է՝ վարչապետի հետ հանդիպմանը գնացել են հիմնականում այնպիսի մարդիկ, որոնք ինչ-ինչ հավակնություններ ունեն, դատական համակարգում եկել են այն եզրակացության, որ Փաշինյանի հետ հանդիպմանը կոնկրետ գնացել են այն մարդիկ, որոնք շահ ունեն կամ ինչ-որ բանից կախված են:
Եվ հիմա դատական համակարգում ասում են, որ այս դատարանների նախագահների ցանկացած որոշում պետք է կասկածի տակ դրվի, քանի որ վարչապետի հետ հանդիպման գնացած դատավորները չեն կարող այսուհետ խոսել անկախության մասին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին Փաշինյանն իրավապահ համակարգի ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն էր անցկացրել։

Վարչական դատարանը բավարարել է նախկին պաշտոնյայի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի