Նշենք, որ տվյալ որոշման համաձայն` վերացվում են ՀՀ–ում ռազմական դրության շրջանակներում կիրառված հավաքների և գործադուլների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցելու արգելքը, ՀՀ տարածք մուտքի և ելքի հատուկ ռեժիմը և հրապարակումների, հաղորդումների իրականացման սահմանափակումներն ամբողջությամբ։
Աննա Կոստանյանի դիտարկմամբ` հիմնական և մտահոգիչ սահմանափակումները վերացել են, որոնց վերաբերյալ մեր հասարակության տարբեր շերտերն իրենց բողոքներն էին բարձրաձայնում։ Ըստ նրա` ռազմական դրությունն ընդհանրապես վերացնելու մասին վերջերս կայացած քննարկումների ժամանակ իշխանության ներկայացուցիչները վկայակոչում էին Թուրքիայի և Ադրբեջանի կողմից դեռ հնարավոր սպառնալիքների ու ազդակների, նոր պատերազմի սանձազերծման վտանգի մասին, ինչը, ըստ պատգամավորի, անհասկանալի է, քանի որ ստորագրված եռակողմ հայտարարությունը ենթադրում է ռազմական գործողությունների դադարեցում։
«Կառավարության որոշման հետ կապված` ավելի շատ կարևորում եմ ազատ տեղաշարժի վերաբերյալ սահմանափակող դրույթի չեղարկումը, որովհետև շատ–շատ քաղաքացիներ մեզ դիմում էին ու նշում, որ աշխատում են Ռուսաստանում, բայց կորոնավիրոսով պայմանավորված իրավիճակի ու ռազմական դրության պատճառով չէին կարողանում մեկնել արտերկիր։ Թեև սահմանափակման վերացումը նրանց տալիս է որոշ հնարավորություն, բայց այստեղ կա նաև մտահոգություն, որ երկրի ճգնաժամային իրավիճակի պայմաններում դա կարող է հիմք հանդիսանալ արտագաղթի նոր ալիքի համար»,– նշեց պատգամավորը։
Կոստանյանի կարծիքով`հավաքների և գործադուլների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցելու արգելքի չեղարկումը ներքաղաքական առումով մարդկանց կդարձնի ավելի անկաշկանդ, որպեսզի իրենց բողոքի ձայնն ավելի հասանելի դարձնեն իշխանություններին, իսկ ինչ վերաբերում է հրապարակումների, հաղորդումների իրականացման սահմանափակումների վերացմանը, ապա այդ հանգամանքը քաղաքացիների թույլ կտա իրենց կարծիքներն անարգել ու ազատ հայտնել նաև հանրային տիրույթում։
Պատգամավորի համոզմամբ`կլինեն նաև լուրջ բացահայտող հրապարակումներ պատերազմական գործողությունների արդյունքների ու հետևանքների վերաբերյալ ու պարզ կդառնա, թե 44 օրվա ընթացքում ինչ է իրականում տեղի ունեցել։
Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք հայտարարվեց սեպտեմբերի 27-ին։
Ռազմական դրության ժամանակ արգելվում էր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակում անելը։
Արգելվում էր նաև Հայաստանի և Արցախի Հանրապետությունների պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը։