ՔՊ–ի գրասենյակից զինվորական համազգեստ ու զենք չի բաժանվել. քրգործի հարուցումը մերժվել է

Բացատրություններ են վերցվել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներից ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակի ներկայացուցիչներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik.Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook–ի իր էջում գրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից զինվորական համազգեստ և զենք բաժանելու վերաբերյալ տեղեկությունները չեն հաստատվել։

ԲՀԿ կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանն ավելի վաղ հայտնել էր, որ նոյեմբերի 12-ին 17 կուսակցությունների նախատեսած գործողությունների ընթացքում սադրանքներ, խժդժություններ առաջացնելու հստակ հանձնարարական է իջեցվել իշխանությունների կողմից, ինչի նպատակով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից գիշերվա ընթացքում զինվորական համազգեստ և զենք է բաժանվել իրենց համակիրներին:

Աբրահամյանը հայտնում է, որ ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնում նշվածի կապակցությամբ քրեադատավարական կարգով նախապատրաստվել են նյութեր, որի շրջանակում իրականացվել են անհրաժեշտ միջոցառումներ՝ նշված տեղեկությունների իսկությունը պարզելու, հնարավոր հանցավոր արարքների հատկանիշներ հայտնաբերելու նպատակով:

Բացատրություններ են վերցվել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներից: Նրանք ասել են, որ նման տեղեկությունները լսել են նոյեմբերի 11-ին Բաղրամյան փողոցում ընթացող հավաքի մասնակիցներից, մամուլից՝ հավելելով, որ չեն ճանաչում դրանք հայտնող անձանց, չգիտեն՝ վերջիններս ովքեր են, այսինքն` պատգամավորների կողմից չեն հայտնվել որևէ որոշակի, կոնկրետացնող տվյալներ:

Բացատրություն է վերցվել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակի ներկայացուցիչներից, որոնք կտրականապես հերքել են այդ տեղեկությունները:

Նյութերի նախապատրաստման ընթացքում դատախազության կողմից նաև հանձնարարություն է տրվել ոստիկանությանը՝ իրականացնելու օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ ստուգելու նշված հանգամանքները, պարզելու ՔՊ գրասենյակից որևէ մեկին երբևէ զենք կամ զինվորական համազգեստ հատկացնելու, ինչպես նաև ԲՀԿ պատգամավորին նշված տեղեկությունները հայտնած անհայտ անձանց պարզելու, նրանց քննությանը ներկայացնելու ուղղությամբ, որոնց արդյունքում ևս նշված տեղեկությունները չեն հաստատվել:

Ելնելով վերոնշյալից՝ նախապատրաստված նյութերով վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում:

Հիշեցնենք` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությունից հետո Երևանում զանգվածային բողոքի ակցիաներ են կազմակերպվում, մասնակիցները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։