Պետք է ամեն ինչ անել գերիների ու դիերի փոխանակումն արագացնելու համար. Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Ավինյանն ու ԿԽՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Մարտին Շյուպը քննարկել են գերիների, պատանդների և անհայտ կորածների ու զոհերի դիերի հայտնաբերման ու փոխանակման հարցերը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությանը՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Մարտին Շյուպի գլխավորությամբ:

Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, Մարտին Շյուպը նշել է, որ ԿԽՄԿ-ի ու Հայաստանի միջև արդյունավետ երկխոսություն է հաստատվել և կարևորել է գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հետ համագործակցությունը:

Տիգրան Ավինյանը հանդիպել է ՌԴ դեսպան Կոպիրկինին. քննարկվել է նաև գերիների վերադարձի հարցը

Քննարկվել են գերիների փոխանակման, անհետ կորածների ու զոհվածների դիերի հայտնաբերման ուղղությամբ կատարվող աշխատանքներին վերաբերող հարցեր: Փոխվարչապետը նշել է, որ պետք է ամեն ինչ անել այս գործընթացը հնարավորինս արագացնելու համար:

Տիգրան Ավինյանն ասել է, որ գերիների փոխանակման գործընթացում հայկական կողմն առաջարկում է կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը, ինչպես նաև ստեղծել մեխանիզմ, ըստ որի նոր գերիների հայտնաբերման պարագայում կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է առանց նախապայմանների հետ վերադարձնել նրանց:

Կողմերն անդրադարձել են նաև Արցախում հումանիտար իրավիճակին և ռազմական գործողությունների արդյունքում տուժած անձանց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցերին:

ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում պատերազմի սկզբից գերեվարված 20 հայ կա` զինվորականներ և խաղաղ բնակիչներ։

Ավելի վաղ Ադրբեջանը գերի էր վերցրել Հադրութի երկու խաղաղ բնակչի ՝ 85-ամյա Եվգենյա Բաբայանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ վերադարձվել էր Հայաստանին, և 84-ամյա Միշա Մելքումյանին, որը մահացել էր Բաքվում:

Տղամարդու դիակը ստանալուց և դատաբժշկական փորձաքննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մահը եղել է բռնի ու տեղի է ունեցել գանգուղեղային վնասվածքի հետևանքով:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 23-ին 17 գերիների անուններ էր հրապարակել։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 27-ին հայտնեց, որ բաց տեսանյութերի վերլուծության հիման վրա հայկական կողմը մոտ 50-60 ռազմագերու վերաբերյալ տվյալներ ունի, բայց 30-ի ինքնությունն են կարողացել պարզել: