Պատերազմին մասնակցած զինծառայողների առաջին մեծ խումբը ժամանել է Հայաստան

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ավելի վաղ խոստացել էր, որ զինծառայողներն արձակուրդ կգան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Մեկնարկել է Արցախի պատերազմական գործողություններին մասնակցած պարտադիր ժամկետային զինծառայողներին արձակուրդի տրամադրման գործընթացը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Նախօրեին Հայաստան է ժամանել զինծառայողների առաջին մեծ խումբը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` Արցախում ժամկետային ծառայություն իրականացնող զինվորների ծնողների 15 հոգանոց խումբը նոյեմբերի 28-ին հանդիպել էր ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։ Զրույցի ընթացքում պաշտպանության նախարարը նշել էր, որ այժմ անհնար է հայկական զորքի դուրսբերումը Արցախից, բայց դեկտեմբերի 1-ից զինծառայողներին արձակուրդ կտան։