Մանե Թանդիլյանը պաշտոն ստացավ Արցախում

Արայիկ Հարությունյանն ընդունել է Մանե Թանդիլյանին և նախանշել ստեղծված սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակում իրականացվելիք ծրագրերը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ դեկտեմբերի 2-ին ստորագրած հրամանագրի համաձայն՝ Միքայել Սամվելի Վիրաբյանն ազատվել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Վիտալի Բալասանյանը կրկին պաշտոն է ստացել

Նույն օրը նախագահի մեկ այլ հրամանագրով Մանե Վանյայի Թանդիլյանը նշանակվել ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հարությունյանն այդ առթիվ ընդունել է Մանե Թանդիլյանին և նախանշել ստեղծված սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակում պետական սոցիալական քաղաքականության շրջանակում իրականացվելիք ծրագրերը:

Հիշեցնենք` ԱԺ նախկին պատգամավոր Մանե Թանդիլյանը երեկ հայտնել էր, որ այսուհետ ապրելու է Արցախում։

Նշենք, որ  Թանդիլյանը ծնունդով Ալավերդի քաղաքից է։ 2018-ի մայիսին՝ «թավշյա հեղափոխությունից» հետո, նա նշանակվել էր Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, բայց նույն թվականի հունիսին հրաժարական ներկայացրեց։

2018-ի դեկտեմբերին ընտրվեց ԱԺ պատգամավոր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից, նախագահեց ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը։

2020-ի օգոստոսին Թանդիլյանը առողջական խնդիրների պատճառով վայր դրեց պատգամավորի մանդատը։