ԿԽՄԿ պատվիրակության հետ քննարկվել են գերիների, անհայտ կորածների, դիերի փոխանակման հարցերը

Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ համատեղելու ջանքերը այդ խնդիրներին հրատապ ու լիարժեք լուծում տալու գործում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է Միջազգային կարմիր խաչի պատվիրակությանը՝ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ԿԽՄԿ տարածաշրջանային ղեկավար Մարտին Շյուպին, Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին, նրան փոխարինող, նորանշանակ ղեկավար Թիերի Ռիբոյին և Ճգնաժամային գործառնությունների ղեկավար Պասկալ Հունդին։

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳ նախարարության պաշտոնական կայքը, հանդիպման առանցքում են եղել Ադրբեջանում գտնվող գերիների և պատանդների վերադարձի, անհայտ կորածների որոնողական աշխատանքների, դիերի փոխանակման հարցերը: Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ համատեղելու ջանքերը այդ խնդիրներին հրատապ ու լիարժեք լուծում տալու գործում:

ՀՀ ԱԳ նախարարն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի ԶՈւ կողմից հայ գերիների և խաղաղ բնակչության հանդեպ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի, խոշտանգումների և հաշվեհարդարի բազմաթիվ դեպքերի վերաբերյալ:

Միջազգային կազմակերպությունն արձանագրել է, որ Ադրբեջանը բազմաթիվ հայ զինվորներ է գերեվարել

Անդրադարձ է կատարվել նաև Արցախում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի հաղթահարման հարցերին, մասնավորապես՝ պատերազմից տուժած արցախահայության աջակցության, ենթակառուցվածքների վերականգնման, Արցախ վերադարձող տեղահանված բնակչությանը հրատապ օգնության հարցերին:

Հիշեցնենք, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 2-ին հայտնեց, որ պաշտպանի աշխատակազմի գտած տեսանյութերից արդեն կարողացել են առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը դեռ չեն կարողացել պարզել: Առանձին փաստահավաք գործունեություն են իրականացնում նաև ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձանց մասով, որոնց թիվը հասնում է շուրջ 40-ի: