Կորոնավիրուսին հաղթեցի՞նք. այս իրավիճակում դպրոցները բացելը, ըստ փորձագետի, հիմնավոր չէ

Հաջորդ շաբաթվանից աշակերտները ոչ թե հեռավար կանցկացնեն դասերը, այլ դպրոց կհաճախեն։ Կրթության ոլորտի փորձագետն անդրադարձել է հարցերին, թե որքանո՞վ է հիմնավոր դպրոցները տարեվերջին բացելն ու արդյո՞ք ուսումնական հաստատությունները պատրաստ են դրան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 7-ից դպրոցներում առկա ուսուցման անցնելու` կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որոշումը հիմնավոր չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կրթության հարցերով փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

Դասերը հետաձգելը ճիշտ որոշում էր, բայց կոտրած տաշտակի առաջ հայտնվելն անթույլատրելի է

ԿԳՄՍ–ն հայտարարել է, որ դեկտեմբերի 7-ից հանրակրթական ուսումնական հաստատություններում դասերն առկա կկազմակերպեն։ Հանրակրթական ուսումնական հաստատությունները պարտավոր են պահպանել կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված անվտանգության կանոնները։

«Կուզենայի, որ նախարարությունն ասեր, թե ինչո՞ւ են որոշել բացել դպրոցները, ի՞նչն է պատճառը։ Կորոնավիրուսային իրավիճակի առումով առանձնապես առաջընթաց չունենք` թեստավորվածների 30 տոկոսի մոտ հայտնաբերվում է վարակը։ Բացի այդ, մի նոր տենդենց էլ կա` ընտանիքից միայն մեկն է թեստավորվում, այսինքն` վարակվածների իրական թիվը ստանալու համար եղածը պետք է 2-3–ով բազմապատկենք»,–ասաց Խաչատրյանը։

Կորոնավիրուսին հաղթեցի՞նք. այս իրավիճակում դպրոցները բացելը, ըստ փորձագետի, հիմնավոր չէ

Նա նշեց, որ պետք է հաշվի առնել նաև` այս պահին մի շարք բողոքի ակցիաներ են ընթանում և սոցիալական հեռավորություն, բնականաբար, չի պահպանվում։ Խաչատրյանն ասաց, որ այս ամենը հաշվի առնելով` որևէ հիմնավորում չկա, թե ինչու պետք է առկա ուսուցման անցնեն։ Նրա խոսքով` կարող ենք միայն ենթադրել, որ հեռավար կրթությունից կան դժգոհություններ, և ծնողները գուցե ճնշում են գործադրում նախարարության վրա, կամ էլ գուցե կիսամյակի ավարտին որոշել են երեխաներին դպրոց ուղարկել, որ գնահատական ունենան։

Հարցին, թե որքանո՞վ են դպրոցները պատրաստ առկա ուսուցման անցնելու` Խաչատրյանը պատասխանեց, որ դպրոցների համար, իհարկե, ավելի հարմար է կազմակերպել առկա ուսուցումը, սակայն հարց է` որքանով կանոնները կպահպանվեն։ Որպես օրինակ կրթության փորձագետը նշեց` այս սեզոնին դժվար է պատկերացնել, որ դպրոցներում նորմալ օդափոխություն կիրականացվի` հաշվի առնելով ցուրտ եղանակը։

«Մի ամբողջ սերունդ կարող ենք կորցնել». ինչ պետք է անի կրթության նորանշանակ նախարարը

«Իսկ տեսակետը, թե հեռավար համակարգում երեխաները վատ են սովորում, իսկ առկայում` լավ, մի փոքր ուռճացված է։ Սովորողը սովորում է` ինչ համակարգ էլ ուզում ես դնես։ Առկա համակարգը, սակայն, մի առանձնահատկություն ունի` ուսուցիչը կարողանում ավելի լավ վերահսկել երեխաներին։ Մյուս կողմից, եթե դու վերահսկում ես աշակերտների վարքը, դեռևս չի նշանակում, որ նրանք շատ լավ սովորում են»,–ասաց Խաչատրյանը` հավելելով, որ ինքն էլ դասավանդում է (ուսանողներին), և առկայից հեռավար ուսուցման արդյունքում սովորելու առումով ոչինչ չի փոխվել։

Հիշեցնենք, որ դպրոցների համար պարտադիր պահանջներ են պահանջվել, ըստ որի` պետք է ապահովել ախտահանիչ և ձեռքերի լվացման միջոցներ, ձեռքերի լվացման հնարավորություն հոսող ջրով (անհնարինության դեպքում՝ ախտահանման հնարավորությամբ), թափոնների հեռացման համար փակվող կափարիչով աղբամաններ, հեռահար ջերմաչափում։

Ի դեպ, բարձր ռիսկի խմբի, 65 և բարձր տարիքի աշխատողները կարող են աշխատանքն իրականացնել հեռավար` իրենց գրավոր համաձայնության դեպքում։ Ռիսկի խմբում գտնվող երեխաները նույնպես կշարունակեն հեռավար ուսուցումը՝ կենտրոնացված հեռավար ուսուցման միջոցով:

Արցախցի դպրոցականներն ու ուսանողներն առանց կրթության չեն մնա․ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում

10 տոկոսից ավելի վարակվածության ցուցանիշ ունենալու դեպքում, ըստ սահմանված առողջապահական կանոնների, դպրոցը կրկին կանցնի հեռավար ուսուցման։