ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և դատաիրավական համակարգի ներկայացուցիչների հանդիպումն անընդունելի և անօրինական է: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 30-ին կառավարությունում հրավիրված խորհրդակցությանը, որում վարչապետն անդրադարձել էր նոյեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների վերաբերյալ կալանքի միջնորդությունների մերժմանը:
«Նույնիսկ ոչ իրավաչափ ձևակերպումը շատ մեղմ է, դա անընդունելի է, դա անօրինական է և առհասարակ առնչություն չունի իրավական և ժողովրդավարական պետության սկզբունքների, գաղափարների, ինստիտուտների հետ»,- ասաց նա:
Հանդիպման մասին տեսանյութը, որում կառավարության ղեկավարն անթաքույց իր վերաբերմունքն է արտահայտում մերժված միջնորդությունների վերաբերյալ, ըստ փաստաբանի, վկայում է այն մասին, որ Փաշինյանն ուղղակի ներգործություն ունի դատաիրավական համակարգի որոշումների վրա: Նրա խոսքով՝ այս մասին է վկայում նաև օրերս վարչապետի կատարած գրառումներից մեկը, որում նա խոստովանել է, որ անձամբ է խնդրել, որ մեղադրող կողմը չառարկի Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը հետ վերադարձնելու միջնորդությանը:
«Սա խոսում է այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ 2.5 տարի քաղաքական հետապնդում է իրականացվում: Փաստորեն, երբ վարչապետը նման խնդրանք է ներկայացնում դատախազներին, ժամերի ընթացքում անձնագիրը վերադարձվում է, իսկ, երբ հակառակի մասին է խնդրանք ներկայացվում, 2.5 տարի մենք ունենում ենք այն, ինչ ունենք: Ի՞նչ իրավունք ունի ՀՀ գործադիր իշխանությունը դատական իշխանության տիրույթում գտնվող հարցեր բարձրաձայնել»,- վրդովմունք հայտնեց Վարդևանյանը:
Փաստաբանը տեղեկություններ ունի, որ հանդիպմանը ներկա դատավորներն ու իրավապահները նույն պահին, երբ Փաշինյանը խոսել է միջնորդությունների մասին, հակադարձել են վարչապետին և գլխավոր դատախազին՝ նշելով, որ նրանցից և ոչ ոք իրավասու չէ կոնկրետ գործեր և կոնկրետ խափանման միջոցի հարցեր քննարկել: Սա այն դեպքում, երբ գործադիրի ղեկավարը գրեթե ամեն օր խոսում է ժողովրդավարության մասին:
Թեպետ խորհրդակցությանը հրավիրվածների մեծամասնությունը մերժել էր վարչապետի հրավերը, սակայն, մասնագետի կարծիքով, ճիշտ կլիներ, որ բոլորը բոյկոտեին և չմասնակցեին այդ քննարկմանը: Վարդևանյանը հույս ունի, որ հանդիպման մասնակիցները կատարվածի վերաբերյալ հրապարակային կհայտնեն իրենց վերաբերմունքը: