Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցով Հունահայոց թեմը դիմել է նաև Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Հայ Առաքելական եկեղեցու Հունաստանի թեմի առաջնորդական տեղապահ տեր Խորեն վարդապետ Առաքելյանը:
Տեր Խորենի խոսքով՝ Հունաստանը Եվրոպայում կշիռ ունեցող երկիր է և կարող է միջնորդություն ներկայացնել Եվրոպական միությանը, համապատասխան մարմիններին, որ գերիների վերադարձի հարցը ժամ առաջ լուծում գտնի:
«Գերիների հանձման կամ փոխանակման գործողությունների ուշացման ամեն օրը կարող է աղետալի վնասներ հասցնել մեր երիտասարդներին, որոնք այս պահին գտնվում են Ադրբեջանի Հանրապետությունում կամ իրենց տիրապետության տակ, և մեզ համար գերխնդիր է օր առաջ այս հարցի կարգավորումն արագացնել և ժամ առաջ տղաներին հայրենիք վերադարձնել»,- ասաց նա:
Հունահայոց թեմում անմասն չեն մնացել նաև պատերազմական գործողությունների ժամանակ հայտարարված դրամահավաքից: Հավաքագրված գումարն արդեն փոխանցել են «Հայաստան» համահայկական հիմնադրամին, այժմ էլ պատրաստվում են Արցախից տեղահանվածների համար աջակցության ծրագիր կյանքի կոչել. 4 ամիս շարունակ ծրագրի շահառուները սննդով կապահովվեն: Նվիրատուների ու շահառուների միջև կապի մասին էլ են հոգացել:
Խտացրած կաթ, սուրճ... Լիտվան մարդասիրական օգնություն է տրամադրել պատերազմից տուժած հայերին
«Նվիրատուները Մայր աթոռի միջոցով կապ կունենան այն ընտանիքների հետ, որոնց պետք է տրամադրվեն այդ օգնությունները, որպեսզի իրենք էլ տեսնեն, որ իրենց փոխանցած դրամը ուղղակիորեն հասնում է հասցեատերերին: Մարդիկ կկարողանան այս ընթացքում իրենց կեցությունն ապահովել գոնե նվազագույն միջոցներով, մինչև այլ լուծումներ կգտնվեն հետագա կյանքը դասավորելու համար»,-նշեց նա:
Հիշեցնենք՝ Հունահայոց թեմի առաջնորդական տեղապահ տեր Խորեն վարդապետ Առաքելյանը դեկտեմբերի 1-ին Facebook-ի իր էջում հայտնել էր, որ թեմը գերիների հարցով դիմել է Հունաստանի վարչապետ Կիրյակոս Միցոտակիսին: