ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik.Հայաստանի կառավարությունը ամբողջությամբ վերացնում է երկրում հայտարարված ռազմական դրության շրջանակում կիրառված սահմանափակումները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
«Քիչ անց կհրապարակվի ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 2-ի թիվ 1917-Ն որոշումը, որով վերացվում են ռազմական դրության շրջանակներում կիրառված հավաքների և գործադուլների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցելու արգելքը, ՀՀ տարածք մուտքի և ելքի հատուկ ռեժիմը և հրապարակումների, հաղորդումների իրականացման սահմանափակումներն ամբողջությամբ»,- Facebook–ի իր էջում գրել է նա:
Աղաջանյանի գրառումից կարճ ժամանակ անց կառավարությունը հրապարակեց որոշումը։
Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք հայտարարվեց սեպտեմբերի 27-ին։
Ռազմական դրության ժամանակ արգելվում էր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակում անելը։
Արգելվում էր նաև Հայաստանի և Արցախի Հանրապետությունների պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը։