«Հանուն Արցախի ու Հայաստանի փրկության». ընդդիմությունը համապետական հանրահավաք է անելու

Հանրահավաքի տեղը, օրն ու ժամը հայտնել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանյան ընդդիմությունը դեկտեմբերի 5–ին մտադիր է համապետական հանրահավաք անցկացնել։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Հայաստանյան ընդդիմադիր կուսակցությունները նոյեմբերի 11–ին և հաջորդող օրերին Երևանում հանրահավաքներ և երթեր էին իրականացնում, որի թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն էին։

Մինչ այդ 16 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Այս գործով արդեն կան ձերբակալվածներ։ ԱԱԾ–ն քրեական գործ է հարուցել կուսակցությունների ղեկավարների նկատմամբ ռազմական դրության պայմաններում հավաքներ անցկացնելու հոդվածով։ Առավելագույն պատիժն այդ արարքի համար 2–ամսյա կալանքն է։

«Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում հրավիրվում է համապետական հանրահավաք։ Մասնակցի՛ր, եթե անտարբեր չես... Հանո՛ւն Արցախի ու Հայաստանի փրկության...»,–գրել է Իվետա Տոնոյանը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Երևանում ընթանում է Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմադիր ուժերի հանրահավաքը

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։