Ավելի քան 900 սիրիացի վարձկաններ հեռացել են Ադրբեջանից՝ չնայած Թուրքիայի ջանքերին

Սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերին մասնակցել է 2580 սիրիացի վարձկան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Ավելի քան 900 սիրիացի վարձկաններ դեկտեմբերի 1-ին Ադրբեջանից վերադարձել են Սիրիա: Տեղեկությունը հայտնում է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR - The Syrian Observatory For Human Rights)։

Ռուսաստանին և Իրանին ձեռնտու չէ Արցախը թուրքոմաններով և վարձկաններով բնակեցնելը

Վարձկանների խումբը վերադարձել է Սիրիա այն բանից հետո, երբ ձախողվել են նրանց Ադրբեջանում պահելու Թուրքիայի բոլոր ջանքերը: Նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը հրաժարվում է թույլատրել նրանց բնակվել Լեռնային Ղարաբաղի տարածքում կամ Ադրբեջանի շրջաններում:

Վարձկաններին հաջողվել է ստանալ իրենց վարձատրության մի մասը, որը գնահատվում է 10 000 թուրքական լիրայի չափով, մի մասն էլ ստանալու են մոտ օրերին:

Սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերին մասնակցել է 2580 սիրիացի, որոնցից 342-ը հետ էին գնացել արդեն պատերազմի օրերին, իսկ մոտ 300-ը սպանվել էին մարտերի ընթացքում։ 

Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից հայտնի դարձավ, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Այս տեղեկությունները հաստատել էր նաև ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը:

Ձերբակալվել է Արցախի դեմ կռվող ահաբեկչական խմբավորման անդամներից մեկը

Հայտնի է, որ սիրիացի ահաբեկիչներին 1,5-2 հազար դոլար են խոստանում ռազմական գործողություններին 1 ամիս մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայաստանյան և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։

Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը