Արժանապատվության վերականգման պահանջով. Գյումրիում տնօրենի հացադուլին ազատամարտիկ է միացել

Հովհաննես Պետրոսյանն ու Տիգրան Չամաքյանը վստահեցնում են՝ անժամկետ հացադուլը կշարունակեն մինչ իշխող ուժի հեռացումը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Նոյեմբերի 30-ից Գյումրիում անժամկետ հացադուլ հայտարարած՝ Գյումրու թիվ 2 դպրոցի տնօրեն Հովհաննես Պետրոսյանին երեկ երեկոյան միացել է նաև ազատամարտիկ, արցախյան երեք պատերազմների մասնակից Տիգրան Չամաքյանը: Պահանջը նույնն է՝ Նիկոլ Փաշինյանի ու թիմակիցների հրաժարականը։

Հացադուլավորները հարգել են կաթողիկոսի հորդորն ու դադարեցրել բողոքի ակցիան

«Պահանջս իմ ու ողջ հայ ազգի արժանապատվության վերականգնումն է: Այս դաժան պարտությունն ունի պատասխանատուներ, ովքեր իրենք էլ չեն հերքում դա, և եթե ՀՀ կառավարությունն ի դեմս ՀՀ վարչապետի գիտակցում է պատասխանատվությունը, պետք է հեռանա, քանի որ նման պարտություն ու նման ստորացում հայ ազգը երբեք չի ունեցել»,-Sputnik Արմենիայի հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց ՀՅԴ-ական տնօրենը:

Սա, ըստ տնօրենի, նաև սերունդների վերադաստիրակության խնդիր է առաջ բերել:

«Ստեղծված իրավիճակի մեջ բոլորս մեր սխալներն ունենք, ուզում եմ, որ բոլորս մեր մեղքի համար պատասխան տանք։ Դավաճաններ են եղել՝ ես պահանջում եմ բոլորի անուններն ու պատիժը»:

Ի դեպ, այս պատերազմում Հովհաննես Պետրոսյանի ղեկավարած դպրոցի 3 սան է զոհվել: «Կապ չունի, որ դպրոցի սան է, բոլոր զոհվածները մեր սաներն ու մեր սերունդն է, բոլորն էլ մերն են»:

Արշակ Զաքարյանը հացադուլ հայտարարեց. նա պահանջում է պատասխանատվության ենթարկել Փաշինյանին

Շիրակի մարզպետարանի շենքի դիմաց հացադուլ հայտարարած Հովհաննես Պետրոսյանին միացել է նաև Տիգրան Չամաքյանը, ով նախկինում զբաղեցրել է Կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավարի պաշտոնը: Նա արցախյան երեք պատերազմների մասնակից է, առաջնագծից վերադարձել է մի քանի օր առաջ։ Տիգրանը վստահեցնում է՝ պարտությունը հանրապետությունը ղեկավարող քաղաքական ուժինն է, ոչ թե զինվորինը:

«Պարտությունը նոր չէ, 2 ու կես տարի առաջ է գրանցվել, երբ քարը քարին չի թողնվել՝ քանդվել է ամեն ինչ՝ եկեղեցուց ու դպրոցից մինչև բանակ, ու վատն այն է, որ այդ քանդողները հիմա մեղադրում են զինվորին ու ժողովրդին»,-նշեց Տիգրան Չամաքյանը:

Գյումրիում մարտական ական է հայտնաբերվել

Հովհաննես Պետրոսյանն ու Տիգրան Չամաքյանը վստահեցնում են՝ անժամկետ հացադուլը կշարունակեն մինչ իշխող ուժի հեռացումը: