Առանձնացվել են 60 ռազմագերի, բռնի անհետացած քաղաքացիների թիվը հասնում է 40-ի. Բեգլարյան

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը նոր տվյալներ է հայտնել գերիների և բռնի կերպով անհետացած քաղաքացիական անձանց վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik.Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը տեղեկացնում է, որ գիշեր-ցերեկ անընդհատ թարմացնում են գերիների վերաբերյալ ցանկերը` հրապարակված տեսանյութերի և հարազատների ներկայացրած այլ ապացույցների հիման վրա:

«ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գտած տեսանյութերից արդեն կարողացել ենք առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը դեռ չենք կարողացել պարզել: Չեմ նշում վկայությունների, զանգերի և այլ ապացույցների հիման վրա հավաքագրվող տվյալները»,–Facebook-ի իր էջում գրել է Բեգլարյանը։

Նրա խոսքով` առանձին փաստահավաք գործունեություն են իրականացնում նաև ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձանց մասով, որոնց թիվն էլ հասնում է շուրջ 40-ի:

Բեգլարյանն ասում է, որ հավաքագրված բոլոր տվյալները պարբերաբար փոխանցում են պետական ու միջազգային լիազոր մարմիններին՝ ակնկալելով արդյունավետ աշխատանք գերիների իրավունքների պաշտպանության ու վերադարձի ապահովման ուղղությամբ:

Արցախի ՄԻՊ–ը համագործակցում է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և անհատ փաստաբանների հետ՝ տվյալների փոխանակման ու այլ համապատասխան գործընթացների հարցում:

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է, ինչ անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիաներ են իրականացնում տարբեր պատկան կառույցների մոտ` պահանջելով օր առաջ քայլեր իրականացնել նրանց որոնողական աշխատանքների, վերադարձի համար։

Դավիթն ասում է` հրամանատար չի եղել, զինվորներից մեկի մայրը հեկեկալով դիմում է իշխանությանը