ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը քիչ առաջ զեկույց է հրապարակել, որտեղ արձանագրել է, որ ադրբեջանական ուժերը բազմաթիվ էթնիկ հայ զինվորականների են գերեվարել:
Ինչպես նշում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, զեկույցում նշվում է, որ հայ գերիները ենթարկվել են բռնության ու նվաստացման: Եվ այդ մասին վկայում են հոկտեմբերից ի վեր սոցիալական ցանցերում լայնորեն տարածված տեսանյութերը:
«Կազմակերպությունը հատուկ նշում է արել, որ ադրբեջանական զինված ուժերը հայ գերիների նկատմամբ կիրառել են հարկադրանք՝ ունենալով նրանց նվաստացնելու դիտավորություն: Human Rights Watch կազմակերպության հետ հանդիպման ընթացքում ինքս ներկայացրել էի ադրբեջանական վայրագությունները՝ շեշտելով, որ գերիների վերադարձն ու մարմինների փոխանակումը պահանջում է հրատապ լուծում»,- գրում է Թաթոյանը։
ՄԻՊ-ը նաև հայտնում է, որ հայկական կողմը շարունակում է միջազգային մարմիններին ներկայացնել ադրբեջանական զինված ուժերի խոշտանգումներն ու դաժանությունները՝ պատերազմական հանցագործությունները:
Առանձնացվել են 60 ռազմագերի, բռնի անհետացած քաղաքացիների թիվը հասնում է 40-ի. Բեգլարյան
Նա նաև նշում է, որ այդ գործողությունների նպատակն է ամեն ջանք գործադրել՝ գերիների վերադարձն ու զինվորների մարմինների փոխանակումը րոպե առաջ կազմակերպելուն աջակցելու համար։
ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում պատերազմի սկզբից գերեվարված 20 հայ կա` զինվորականներ և խաղաղ բնակիչներ։
Ավելի վաղ Ադրբեջանը գերի էր վերցրել Հադրութի երկու խաղաղ բնակչի ՝ 85-ամյա Եվգենյա Բաբայանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ վերադարձվել էր Հայաստանին, և 84-ամյա Միշա Մելքումյանին, որը մահացել էր Բաքվում:
Տղամարդու դիակը ստանալուց և դատաբժշկական փորձաքննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մահը եղել է բռնի ու տեղի է ունեցել գանգուղեղային վնասվածքի հետևանքով:
Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 23-ին 17 գերիների անուններ էր հրապարակել։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 2-ին հայտնեց, որ պաշտպանի աշխատակազմի գտած տեսանյութերից արդեն կարողացել են առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը դեռ չեն կարողացել պարզել: Առանձին փաստահավաք գործունեություն են իրականացնում նաև ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձանց մասով, որոնց թիվը հասնում է շուրջ 40-ի: