Ոստիկանները բարձրացան տրոլեյբուսի վրա՝ բռնելու Փաշինյանի հրաժարականը պահանջողներին

Քաղաքացիներից մի քանիսը բարձրացել էին փակված փողոցի պատճառով կանգնած ավտոբուսի վրա՝ «Նիկոլ, դավաճան» վանկարկելով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Մի քանի տասնյակ քաղաքացիներ Մաշտոցի պողոտայում փողոց են փակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ոստիկանները սկսել են նրանց բերման ենթարկել։

Հացադուլավորները հարգել են կաթողիկոսի հորդորն ու դադարեցրել բողոքի ակցիան

Քաղաքացիներից մի քանիսը բարձրացել էին փակված փողոցի պատճառով կանգնած տրոլեյբուսի վրա՝ «Նիկոլ, դավաճան» վանկարկելով։ Ոստիկանները բարձրացան տրոլեյբուսի վրա՝ բերման ենթարկելու տղաներին։

Նրանց իջեցնելուց հետո մարդկանց միջև սկսվեց հրմշտոց, որի ժամանակ տուժեցին նաև ԶԼՄ–ների ներկայացուցիչներ։ Նրանցից մի քանիսին ոստիկանները փորձում էին անգամ բերման ենթարկել։ Ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը միջադեպը մեկնաբանեց՝ ասելով․

«Պահի տակ ա ստացվել»։

ՀՅԴ երիտմիության անդամ Քրիստինե Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ակցիաները շարունակվելու են՝ ինչ էլ որ լինի։

«Որքան էլ մարդկանց բերման ենթարկեն ու շինծու գործեր կարեն, իշխանությունները պետք է համակերպվեն, որ իրենց հաշված ժամեր են մնացել։ Եթե նրանք այնպես, ինչպես պաշտպանում են իրենց աթոռը, պաշտպանեին մեր հայրենիքը, մենք այս իրավիճակը չէինք ունենա», - ասաց նա։

Տասնյակ քաղաքացիների բերման ենթարկելուց հետո ոստիկանությանը հաջողվեց Մաշտոցի պողոտան երթևեկելի դարձնել։ Դրանից հետո ակցիայի մասնակիցները սկսեցին քայլել Թումանյան փողոցով, այնուհետև շարժվեցին դեպի կառավարության շենք։

Գերիների վերադարձն ու անհայտ կորածների խնդիրներն առաջնային են. բողոքի երթը` լուսանկարներով

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Այս գործով արդեն կան ձերբակալվածներ։

Հայաստանյան ընդդիմադիր կուսակցությունները նոյեմբերի 11–ին և հաջորդող օրերին Երևանում հանրահավաքներ և երթեր էին իրականացնում, որի թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն էին։

Մինչ այդ 16 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները Երևանում չեն դադարում առ այսօր։