Ինչպես է Փաշինյանի «հիվանդագին ինքնասիրությունը» խափանել նախկին նախագահների ծրագրերը

Արցախի ու Հայաստանի նախկին նախագահները որոշել էին Նիկոլ Փաշինյանին աջակցող հայտարարություններ անել, բայց նա խափանել է այդ ծրագրերը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Արցախի ու Հայաստանի բոլոր նախկին նախագահները պատրաստ են եղել իրենց աջակցությունը հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը Facebook-ում գրառում է արել, որում, անդրադառնալով Արցախի պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի այսօրվա հայտարարությանը, ի հավելումն հայտնում է, որ պայմանավորվածություն էր ձեռք բերվել առ այն, որ աջակցության նույնպիսի հրապարակային ուղերձներով պետք է հանդես գային նաև ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, որպեսզի Փաշինյանի որոշումը անհապաղ հրադադարի վերաբերյալ, Մուսինյանի մեկնաբանությամբ, չդիտվեր որպես նրա անձնական նախաձեռնություն, և դրա ամբողջ պատասխանատվությունը չընկներ նրա վրա:

Ո՞րն է ճշմարտությունը. Արցախի պաշտոնաթող նախագահներն անդրադարձել են Փաշինյանի գրառումներին

«Ավելի պարզ ասած` նրա դեմքը փրկելու համար,- գրում է Մուսինյանը և շարունակում,- Դժբախտաբար, Փաշինյանի հիվանդագին ինքնասիրությունը նրան թույլ չտվեց հասկանալ այս քայլի կարևորությունը, և նա կտրականապես արգելեց հրապարակել Արայիկ Հարությունյանի նամակը, դրանով խափանելով նաև Արցախի և Հայաստանի նախկին նախագահների աջակցության ուղերձների հրապարակումը»:

Մուսինյանը նշում է, որ Տեր-Պետրոսյանը նույնիսկ պատրաստել էր իր գրավոր հայտարարությունը, որը նույն պատճառով այն ժամանակ չէր հրապարակվել: Բայց այսօր ՀԱԿ խոսնակն այն ներկայացնում է ընթերցողների ուշադրությանը.

«Ղարաբաղյան շարժման առաջին օրվանից «Ղարաբաղ» կոմիտեն, ՀՀՇ-ն և Հայաստանի հետագա բոլոր իշխանությունները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ոչ մի քայլ չեն արել առանց Լեռնային Ղարաբաղի ղեկավարության համաձայնության: Այնպես որ, Հայաստանի ներկայիս իշխանությունները չեն կարող, ավելին` իրավունք չունեն անտեսելու Արցախի իշխանությունների պահանջը. Լևոն Տեր-Պետրոսյան»:

Մենք չենք պատրաստվում փախչել որևէ տեղ. Նիկոլ Փաշինյան

Մուսինյանը հիշեցնում է, որ այդ ամենը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին, երբ դեռ պատերազմի վիճակը կատաստրոֆիկ չէր, և եթե այդ պահին կրակը դադարեցվեր, հայկական կողմը կխուսափեր հազարավոր նոր զոհերից և տարածքային հետագա կորուստներից:

Ո՛չ Հադրութի և ո՛չ էլ Շուշիի մասին խոսք չի եղել. Շարմազանովն արձագանքել է Փաշինյանին

Հիշեցնենք` այսօր ավելի վաղ հայտարարությամբ էին հանդես եկել նաև Արցախի պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը: Նրանք հայտնել էին, որ հոկտեմբերի 18-ին Արայիկ Հարությունյանը դիմել է իրենց աջակցությանը։ Պատերազմական գործողությունների դադարեցման հարցում Արցախի նախագահները կարևորել էին նաև Հայաստանի պաշտոնաթող նախագահների աջակցությունը:

Հոկտեմբերի 19-ին, անսալով նրանց խորհրդին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պատերազմի դադարեցման և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացի վերսկսման վերաբերյալ համապատասխան նամակներ է պատրաստել՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահներին և ՀՀ վարչապետին: Սակայն վարչապետ Փաշինյանը պատճառաբանել է, որ Ադրբեջանի քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի պայմաններում սույն նամակների հղումը կորցրել է իր նպատակահարմարությունը:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 29-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրառում էր արել՝ նշելով, թե հոկտեմբերի 19-ին իրեն զանգահարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և ասել, որ պետք է կանգնեցնել պատերազմը: Փաշինյանի խոսքով՝ նա նշել է, որ փոխանցում է ոչ միայն իր տեսակետը, այլև ԼՂՀ պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, նաև Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի անունից:

Փաշինյանը նշել է, որ զանգահարել է ՌԴ նախագահին, ասել, որ համաձայն է պատերազմը դադարեցնել:

«Ասաց, որ մինչև առավոտ կքննարկի Ալիևի հետ ու ետ կզանգի: Հաջորդ օրը Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանն ինձ հետ հանդիպման ժամանակ ասացին, որ համաձայն չեն առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման կամ ճշգրտման մեխանիզմի որևէ համաձայնության գալուն: Ըստ էության՝ ասացին նաև Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի և Լ. Տեր-Պետրոսյանի անունից»,–գրել է նա:

Վարչապետը հավելել է, որ այդ ամենը կարևոր չի եղել այդ պահին, որովհետև ինքը կայացրել էր իր որոշումը և պատրաստվում էր այն տանել մինչև վերջ:

«Մենք կարող ենք այդ թուղթը պատռել և գցել մի կողմ, բայց...». Նիկոլ Փաշինյան