ՀՀ–ն սփյուռքին է պետք, սփյուռքը՝ հայրենիքին. Ջորկաեֆները հանդիպել են Զարեհ Սինանյանին

Ֆրանսահայ եղբայրները նաև եղել են բարեգործական հիմնադրամում ու ծանոթացել ֆրանսահայ կամավորների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Յուրի և Դենիս Ջորկաեֆներն այցելել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ։ Տեղեկությունը հրապարակվել է գրասենյակի Facebook-յան էջում։ Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել ֆրանսահայ եղբայրներին պատերազմի օրերին Հայաստանին ցուցաբերած ահռելի օգնության համար։ Նա հույս է հայտնել, որ այս համագործակցությունն ավելի կխորանա:

Դենիս Ջորկաեֆը ֆրանսիական Դեսինի փոխքաղաքապետն է։ Հիշեցնենք, որ Դեսին-Շարպիո քաղաքն օրեր առաջ բանաձև է ընդունել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ և կոչ արել կառավարությանը ճանաչել Արցախի անկախությունը։

«Հայաստանը սփյուռքին է պետք և սփյուռքը՝ հայրենիքին»,- հանդիպման ընթացքում նշել է Դենիս Ջորկաեֆը: Նա նշել է, որ պատերազմի ընթացքում հատկապես գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ շատ սերտ և արդյունավետ աշխատանք է ծավալվել:

«Աշխարհի ֆուտբոլի չեմպիոն Յուրի Ջորկաեֆն ընդգծեց, որ մշտապես ներգրավված է եղել Արցախին օգնելու գործում և պատրաստակամ է այն շարունակել: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ֆրանսահայ համայնքի հետ աշխատանքին առնչվող մի շարք ուղղություններ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Սինանյանը Ջորկաեֆ եղբայրների ուղեկցությամբ այցելել է «Մենք հայ ենք» միասնական բարեգործական հիմնադրամ։ Այն գործում է սփյուռքահայերի, մասնավորապես ֆրանսահայերի ջանքերով: Հիմնադրամը հումանիտար օգնություն է տրամադրում արցախահայությանը: Հյուրերը շրջել են հիմնադրամում, ծանոթացել ֆրանսահայ երիտասարդ կամավորների հետ:

Հիշեցնենք` Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի կազմում Եվրոպայի և աշխարհի առաջնության չեմպիոն Յուրի Ջորկաեֆի եղբայրը՝ ՀՖՖ նախագահի խորհրդական Դենիս Ջորկաեֆը, հոկտեմբերի 16-ին Արցախի անկախությունը ճանաչելու կոչով դիմել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։