Հացադուլավորները հարգել են կաթողիկոսի հորդորն ու դադարեցրել բողոքի ակցիան

Կառավարության առջև հացադուլավորները պահանջում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Այսօր կառավարության առջեւ հացադուլ անող Գեղամ Մանուկյանին, Գարիկ Ավետիսյանին ու Տիգրան Սուքիասյանին այցելել է Ամենայն Հայոց  կաթողիկոսը Գարեգին 2-րդը։

Արշակ Զաքարյանը հացադուլ հայտարարեց. նա պահանջում է պատասխանատվության ենթարկել Փաշինյանին

Նրան հորդորին հետևելով՝ հացադուլավորները որոշել են դադարեցնել բողոքի ակցիան ու պայքարի այլ տարբերակ ընտրել։

Այդ մասին տեղեկությունը հայտնում է արդեն 9-րդ օրը հացադուլի նստած ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում։

Նոյեմբերի 29-ին բազմաթիվ քաղաքացիների ու վեհափառի հորդորով՝ ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանն ու զոհված զինծառայողի մայր Անահիտ Կիրակոսյանն արդեն դադարեցրել էին հացադուլը։

Հիշեցնենք, որ նրանք պահանջում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Հայաստանյան ընդդիմադիր կուսակցությունները նոյեմբերի 11–ին և հաջորդող օրերին Երևանում հանրահավաքներ և երթեր էին իրականացնում, որի թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն էին։

Մինչ այդ 16 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը: