Եվս մեկ պատգամավոր լքեց «Իմ քայլը» խմբակցությունը

Պատգամավորն ընդգծել է, որ այս շրջանում ակնհայտ դարձած որոշակի իրողությունների, մեր պետության առջև ծառացած մի շարք առանցքային և խնդրահարույց հարցերի շուրջ առկա սկզբունքային տարաձայնություններից ելնելով է որոշել լքել խմբակցությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը դուրս է գալիս խմբակցությունից և ԱԺ–ում իր գործունեությունը կշարունակի որպես անկախ պատգամավոր: Տեղեկությունը նա հայտնել է Facebook-ի իր էջում։

Նա նշել է, որ Հայաստանի և Արցախի առջև ծառացած խնդիրների ինստիտուցիոնալ լուծումներին կարելի է հասնել միայն համազգային համախմբման, ներքաղաքական կայունության և ՀՀ Սահմանադրությանն անվերապահորեն հետևելով:

«Այս օրերին փորձել եմ ջանքերս ուղղել գործընկերներիս հետ երկխոսելու, ստեղծված իրավիճակը սթափ գնահատելու և մեր պետության համար առավել արդյունավետ լուծումներ գտնելու գործին»,–գրել է նա:

«Իմ քայլը» ԿԲ խորհրդի անդամի թափուր տեղի համար առաջադրել է իր թեկնածուին

Պատգամավորն ընդգծել է, որ այս շրջանում ակնհայտ դարձած որոշակի իրողությունների, մեր պետության առջև ծառացած մի շարք առանցքային և խնդրահարույց հարցերի շուրջ առկա սկզբունքային տարաձայնություններից ելնելով է որոշել լքել «Իմ քայլը» խմբակցությունը։ Գևորգյանը նշել է, որ քաղաքական գործունեություն սկսելու ամենակարևոր մղումը եղել է նոր, ավելի ուժեղ Հայաստան կառուցելու գործին լծվելու գաղափարը: «Կյանքում և գործունեությանս ընթացքում կաշկանդված չեմ եղել մտքերս արտահայտելու և դիրքորոշումս հայտնելու հարցերում և այս առումով կարծում եմ` կայացված որոշումը ընկալելի կլինի նաև խմբակցության այն գործընկերներիս համար, ովքեր ավելի լավ գիտեն սկզբունքներիս և արժեքներիս նկատմամբ միշտ հավատարիմ լինելու պարտավորությանս մասին»,–գրել է պատգամավորը:

Այսուհետ ևս, շարունակելու եմ ուժերիս ներածի չափով ծառայել հայրենիքիս:

Կիսում եմ ժողովրդիս ցավն ու վիշտը, խոնարհումս բոլոր նահատակների շիրիմներին, հերոս մարտիկներին և Հայոց բանակին:

Նշենք, որ մանդատից հրաժարվելու որոշման մասին նոյեմբերի 16–ին հայտնել էր նաև «Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը:

Իսկ «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Թովմասյանը ևս հայտարարել էր, որ դուրս է գալիս իշխող խմբակցությունից: ևս մեկ պատգամովր «Իմ քայլը» խմբակցությունից` Լուսինե Բադալյանը կրկին նոյմեբերի 16–ին հայտարարել էր մանդատը վայր դնելու մասին։

Հրաժարականների այս հայտարարությունները հաջորդեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Facebook-ում կատարած այն գրառմանը, թե ինքը Երևանում սպասում է արցախյան առաջնագծի զինվորներին, որը ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը որակել էր որպես քաղաքացիական բախումների կոչ: