Եթե թուրքերի հետ որևէ առևտրային առնչություն ունենանք, մենք կճզմվենք: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Տրանս Լոջիսթիքս Քոքազուս» տրանսպորտային առաքիչ ընկերության տնօրեն Եղիշե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով թուրքական ապրանքների հոսքը դեպի Հայաստան չեղարկելու որոշմանը և սահմանների բացման հնարավորությանը:
«Նույնիսկ եթե դիվանագիտական հարաբերությունները կարգավորվեն, միևնույն է՝ մենք պետք է ամեն ինչ անենք, որ թուրքական ապրանքի հոսքը նվազեցնենք, որովհետև մեզ ուշքի գալու համար առնվազն 2-3 տարի է պետք, որ մենք կարողանանք մրցակցություն ունենանք իրենց ապրանքների հետ, բարդ իրավիճակ է»,- ասաց նա:
Անդրադառնալով ճանապարհների բացման հնարավորությանը՝ Հովհաննիսյանը նշեց, որ այստեղ պետք է շեշտը դնել Ախուրյանի վրա, թեպետ Մարգարան էլ կարող է ինչ-որ տեղ դերակատարում ունենալ:
«Մեզ ավելի շատ Ախուրյանն է օգնելու: Այդ հատվածը մեզ համար կարևոր է լինելու ոչ թե երկաթգծային, այլ կոնտեյներների տեղափոխման առումով, այսինքն՝ եթե Ախուրյանից մինչև Մերսին կոնտեյներային գնացքներ լինեն, մենք բավականին առաջ կընկնենք, Եվրոպայի ցանկացած բեռ ավելի ձեռնտու է վերցնել Մերսինից, քան Փոթիից»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Նրա խոսքով՝ ճանապարհների բացման հարցում թուրքական կողմը ևս շահագրգռված կլինի:
Ո՞րն է թուրքական և ադրբեջանական շուկաների բացման քաղաքական գինը
Հիշեցնենք՝ օրերս ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Հանրային հեռուստաընկերության եթերում խոսել էր սահմանների բացման հնարավորությունների մասին և նշել, որ այն լայն հնարավորություն կընձեռի, որ մեր արտահանողները կարողանան իրենց արտադրանքը արտահանել Ռուսաստան և այլ երկրներ ավելի հարմար ճանապարհներով, քան մինչև հիմա են անում։