ԵԱՏՄ օրակարգում միասնական արժույթի հարց չկա. ԿԲ ներկայացուցիչ

ԵԱՏՄ անդամ պետություններն այս պահին ներդաշնակեցնում են իրենց ֆինանսատնտեսական օրենսդրությունները: Այս գործընթացի ավարտից հետո ԵԱՏՄ-ում գործելու է ֆինանսական համակարգի միասնական լիցենզիայի համակարգ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Մինչև 2025թ-ը միասնական արժույթի անցնելու հարցը ԵԱՏՄ օրակարգում դրված չէ: Այս մասին այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ ԿԲ գլխավոր քարտուղար, գործադիր կոմիտեի անդամ Դավիթ Նահապետյանը, որին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար:

«Միասնական արժույթի մասով եղել է անդամ պետությունների ԿԲ նախագահների հայտարարությունը՝ առնվազն մինչև 2025թ-ը՝ մինչև ֆինանսական շուկաների օրենսդրությունը չհարմոնիզացվի, այդ մասին խոսելը ժամանակավրեպ է: Մինչև 2025թ-ը օրակարգում նման հարց նույնիսկ դրված չէ»,- ասաց Նահապետյանը:

Նա նաև նշեց, որ օրենսդրությունների ներդաշնակեցումն ավարտելուց հետո ԵԱՏՄ-ում գործելու է նաև ֆինանսական համակարգի միասնական լիցենզիա:

Որքան կտևի դրամի արժեզրկումը և ինչ հետևանքներ կարող է ունենալ

«Իմ քայլի» թեկնածուն այսօր հանդիպում ունեցավ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին, պատասխանեց նրանց հարցերին ու ստացավ դրական եզրակացություն, որպեսզի իր ընտրության հարցն ընդգրկվի ԱԺ հերթական նիստերի օրակարգում:

ԵԱՏՄ–ում միասնական արժույթ ստեղծելու մասին խոսք լինել չի կարող. Վալովայա

Դավիթ Նահապետյանն 2006թ-ից առ այսօր աշխատում է ԿԲ-ում: Վերջին մեկ տարում զբաղեցնում է ԿԲ գլխավոր քարտուղարի, գործադիր կոմիտեի անդամի պաշտոնը:

1995-2006թթ-ն աշխատել է մասնավոր ֆինանսական համակարգում:

1999թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանը, 2001-2003թթ-ին սովորել է. Մ.Վ.Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ասպիրանտուրայի բաժնում, 2010թ.-ին՝ սովորել է ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում՝ հանրային կառավարում մասնագիտությամբ: Կենտրոնական բանկի խորհուրդը կազմված է Կենտրոնական բանկի նախագահից, նրա երկու տեղակալներից, խորհրդի հինգ անդամներից: Կենտրոնական բանկի խորհրդի հինգ անդամներին ընտրում է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը` վեց տարի ժամկետով: Կենտրոնական բանկի խորհրդի անդամները չեն կարող Կենտրոնական բանկում այլ պաշտոն զբաղեցնել:

ԵԱՏՄ–ն ներուժ է կուտակում. Կուդրինը խոսել է ԵԱՏՄ–ում միասնական արժույթ սահմանելու մասին