Դադիվանքը միայնակ չի մնա. միաբանները ստացան Վեհափառի օրհնությունը

Մինչ վանահայրը բուժվում է Երևանում, վանքում հոգևոր ծառայություն կիրականացնեն նաև Մայր Աթոռի միաբանները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Դադիվանքում սպասավորող Մայր Աթոռի միաբանները ստացել են Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը։ Տեղեկությունը հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը։

Մեր եկեղեցականները Դադիվանքում են. նրանց այցելել է նաև Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը

«Նորին Սրբությունն իր գնահատանքը փոխանցեց եկեղեցականներին՝ կարևորելով նրանց նվիրյալ հանձնառությունը»,- գրել է Տեր Վահրամը։

Նա փոխանցել է նաև Վեհափառ Հայրապետի գոհունակությունը ռուս խաղաղապահների առաքելության վերաբերյալ։ Ամենայն հայոց կաթողիկոսը նշել է, որի դրա շնորհիվ ապահովվել է վանքի անվտանգությունը և բնականոն գործունեությունը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 29-ին հայտնի դարձավ, որ Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրամանով ժամանակավոր տեղափոխվել է Սուրբ Երրորդություն եկեղեցի։ 

«Տեր Հայրն ունի որոշակի առողջական խնդիրներ, անհրաժեշտ բուժումներ ստանալուց հետո Տեր Հովհաննեսը կրկին վերադառնալու է Դադիվանք»,- նշվեց եկեղեցու Facebook-ի պաշտոնական էջում։

Նշենք, որ եկեղեցու տեղեկացմամբ՝ դեկտեմբերի 6-ին՝ կիրակի օրը, Սուրբ Երրորդություն եկեղեցում պատարագը կմատուցի հենց Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը։

Իվետա Մուկուչյանը Դադիվանքում «Սիրտ իմ սասանի» երգն է կատարում. տեսանյութ

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։