Բաքուն վստահեցնում է, որ հայ ռազմագերիների մասնակցությամբ շքերթ չի ծրագրում

Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովը հայտարարել է, որ ռազմագերիների ու պատանդների փոխանակման հարցում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի կողմնակից է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. Բաքվում բացառում են հայ ռազմագերիների մասնակցությամբ շքերթի կազմակերպումը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի գերիների ու անհետ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովին։

Նշվում է, որ սոցցանցերում շրջանառվող տեղեկությունը, թե Ադրբեջանը մտադիր է նվաստացնել հայ ռազմագերիների պատիվն ու արժանապատվությունը Բաքվում կայանալիք շքերթի ընթացքում, չի համապատասխանում իրականությանը։

Բաքվում վստահեցրել են նաև, որ ռազմագերիների ու պատանդների փոխանակման հարցում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի կողմնակից են։

Նրանք միայն մի բան են ուզում` գտնել իրենց որդիներին. ազդեցիկ կադրեր

Հիշեցնենք` արդեն տևական ժամանակ է`Ադրբեջանում գերության մեջ հայտնվածների ու անհետ կորածների հարազատները բողոքի ակցիաներ են անցկացնում Երևանում։ Փողոց են դուրս եկել նաև մտավորականները։ Սոցցանցերում պարբերաբար տեսանյութեր են հրապարակվում, որոնցում երևում է, թե ինչպես են ծաղրում ու նվաստացնում հայ ռազմագերիներին։ Ավելի վաղ տեղեկություններ տարածվեցին, որ Բաքուն մտադիր է հայ ռազմագերիների մասնակցությամբ ռազմական շքերթ կազմակերպել։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Էդմոն Մարուքյանը նոյեմբերի 29-ին հայտարարեց` չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը նվաստացնի հայ ռազմագերիներին Բաքվում անցկացվող շքերթում։

Նրա խոսքով` սա Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արգելված է ժնևյան կոնվենցիաներով: Սրա հետ կապված դիմել են ՄԱԿ գլխավոր քարտուղարին, ԵԽ գլխավոր քարտուղարին, ԵԽԽՎ նախագահին: Նրանք էլ իրենց հերթին դիմել են Ադրբեջանին, որ դա տեղի չունենա։ Գերիների փոխանակման հարցով Մարուքյանը դիմել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ որպես եռակողմ հայտարարության պայմանների կատարման երաշխավորի՝ անհետաձգելի քայլեր ձեռնարկելու գերիների փոխանակման հարցն առաջնահերթ օրակարգով լուծելու համար:

Գերիների վերադարձն ու անհայտ կորածների խնդիրներն առաջնային են. բողոքի երթը` լուսանկարներով

Հայաստանում վրդովված են, որ եռակողմ հայտարարությունից հետո Արցախի հողերը հանձնելու մասին կետերն իրագործվում են, սակայն կողմերը, չգիտես ինչու,  անտեսում են վիրավորներին, գերիներին ու մահացածների մարմինները փոխանակելու պայմանը։ Նոյեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունում կստեղծվի անհետ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողով, որը հնարավորինս սեղմ ժամկետներում ծնողներին տեղեկություններ կհայտնի իրենց որդիների մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հանդիպումներ է անցկացնում անհետ կորած զինծառայողների հարազատների հետ։

ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում պատերազմի սկզբից գերեվարված 20 հայ կա` զինվորականներ և խաղաղ բնակիչներ։

Ավելի վաղ Ադրբեջանը գերի էր վերցրել Հադրութի երկու խաղաղ բնակչի ՝ 85-ամյա Եվգենյա Բաբայանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ վերադարձվել էր Հայաստանին, և 84-ամյա Միշա Մելքումյանին, որը մահացել էր Բաքվում:

Տղամարդու դիակը ստանալուց և դատաբժշկական փորձաքննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մահը եղել է բռնի ու տեղի է ունեցել գանգուղեղային վնասվածքի հետևանքով:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 23-ին 17 գերիների անուններ էր հրապարակել։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 27-ին հայտնեց, որ բաց տեսանյութերի վերլուծության հիման վրա հայկական կողմը մոտ 50-60 ռազմագերու վերաբերյալ տվյալներ ունի, բայց 30-ի ինքնությունն են կարողացել պարզել: