Ադրբեջանի մոնիթորինգի կենտրոնում Ռուսաստանի և Թուրքիայի զինվորականների թիվը հավասար կլինի

Ռուսաստանն ու Թուրքիան համատեղ դիտորդական կենտրոնի տեխնիկական հարցերի վերաբերյալ արդեն համաձայնության են եկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանում ռուս–թուրքական համատեղ դիտորդական կենտրոնում երկու երկրների զինվորականների թիվը հավասար կլինի։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այս մասին այսօր հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը` հավելելով, որ Մոսկվան և Անկարան համաձայնության են եկել ԼՂ հրադադարի վերահսկման վերաբերյալ համատեղ կենտրոնի շուրջ։

Ավելի վաղ Թուրքիայի ՊՆ–ն հայտնել էր, որ ՌԴ–ի հետ համաձայնագրի են ստորագրել ԼՂ–ում հրադադարի  վերահսկման մոնիթորինգային համատեղ կենտրոնի ստեղծման մասին։

Բերձորն ու հարևան գյուղերը մնում են հայկական. ինչ ինֆորմացիա ունի քաղաքապետը

Կոնաշենկովի խոսքով` նոյեմբերի 11-ին ՌԴ–ի և Թուրքիայի ՊՆ–ների ստորագրած հուշագրով` համաձայնություն է ձեռք բերվել հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերահսկման ռուս–թուրքական համատեղ կենտրոնի տեղակայման և գործելու կարգի վերաբերյալ։  

«Կենտրոնը տեղակայվելու է Ադրբեջանի տարածքում։ Համատեղ կենտրոնի կազմակերպչական կառույցում ռուսական և թուրքական անձնակազմերի թիվը հավասար է լինելու», – նշել է Կոնաշենկովը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1712 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։