Վաղարշակ Հարությունյանն ասել է` ինչի կհանգեցնի պատերազմի վերլուծությունը

ՀՀ պաշտպանության նախարարը ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի հետ հանդիպման ընթացքում խոսել է գերիների վերադարձման, անհետ կորածների հայտնաբերման և զոհվածների դիերի փոխանակման մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

ԱՄՆ դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների դադարից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

«Որպես առաջնահերթություն առանձնացվել է գերիների վերադարձման, անհետ կորածների հայտնաբերման և զոհվածների դիերի փոխանակման հարցը, նշված ուղղություններով ԿԽՄԿ, ՌԴ ՊՆ և Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ իրականացվող ինտենսիվ աշխատանքները»,– նշված է հաղորդագրության մեջ:

Պաշտպանության նախարարը տեղեկացրել է նաև, որ կատարվում է ռազմական գործողությունների վերլուծություն և բացթողումների գնահատում, ինչը կարող է հանգեցնել ինչպես կառուցվածքային, որոշումների կայացման ընթացակարգերի, մարտավարության, այնպես էլ օրենսդրական փոփոխությունների:

Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Կոպիրկինին, կարևորել ՌԴ–ի դերը խաղաղության հարցում

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանը նոր ընթացք հաղորդելու հնարավորությունները: Կողմերը համաձայնել են, որ լրացուցիչ քննարկումների արդյունքում կնախաձեռնվեն համագործակցության նոր՝ կողմերի առաջնահերթ շահերից և հետաքրքրություններից բխող ոլորտներ և ուղղություններ։

ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում պատերազմի սկզբից գերեվարված 20 հայ կա` զինվորականներ և խաղաղ բնակիչներ։

Ավելի վաղ Ադրբեջանը գերի էր վերցրել Հադրութի երկու խաղաղ բնակչի ՝ 85-ամյա Եվգենյա Բաբայանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ վերադարձվել էր Հայաստանին, և 84-ամյա Միշա Մելքումյանին, որը մահացել էր Բաքվում:

Տղամարդու դիակը ստանալուց և դատաբժշկական փորձաքննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մահը եղել է բռնի ու տեղի է ունեցել գանգուղեղային վնասվածքի հետևանքով:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 23-ին 17 գերիների անուններ էր հրապարակել։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 27-ին հայտնեց, որ բաց տեսանյութերի վերլուծության հիման վրա հայկական կողմը մոտ 50-60 ռազմագերու վերաբերյալ տվյալներ ունի, բայց 30-ի ինքնությունն են կարողացել պարզել: