Տհաճորեն եմ անդրադառնում. Բեգլարյանը` հայաստանցի–արցախցի տարանջատման մասին

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի խոսքով` մենք պարտավոր ենք ջուր չլցնել մեր սեփական արժեքներին ու սկզբունքներին հակասող գործընթացների ջրաղացին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik․ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը գրառում է արել Facebook-ում և շեշտել` անվերապահորեն ու խստիվ դատապարտելի են վերջին օրերին սոցցանցերում նկատվող, հայության տարբեր խմբերի հանդեպ վիրավորական ու խտրական վերաբերմունքի դրսևորումները:

«Թեև տհաճորեն եմ անդրադառնում դրանց, սակայն պարտավոր ու ստիպված եմ՝ հաշվի առնելով դրանց ծավալները և ուժգնությունը: Ընդհանրապես ու հատկապես այս վճռորոշ իրավիճակում մեզ հարիր ու թույլատրելի չեն հայության տարանջատման և ներքին թշնամանքի հրահրման ճղճիմ փորձերը: Արցախը` որպես հայ ազգի արժանապատվության ու անվտանգության գլխավոր աղբյուրներից մեկը, հատկապես վերջին տասնամյակներում անդադար եղել է հայության հատուկ հոգածության ներքո: Դա ոչ ոք չի կարող ժխտել կամ ուրանալ, և բոլորս էլ միշտ եղել ենք երախտապարտ յուրաքանչյուր անձի, ով իր ամենափոքր իսկ ներդրումն է ունեցել հայրենիքի (ներառյալ՝ Արցախի) անվտանգության ապահովման ու զարգացման գործում: Վերջին պատերազմը նույնպես բացառություն չէր, երբ ազգովի լծված էինք մեկ նպատակի՝ փոխօգնության բացառիկ մթնոլորտում. վկան՝ նաև տեղահանված արցախցիներին ու ընդհանրապես Արցախին ցուցաբերվող զանգվածային անշահախնդիր աջակցությունը»,–գրել է նա:

Բեգլարյանի խոսքով` տարանջատման ու թշնամանքի դրսևորումներում կեղծ օգտատերերի ակտիվ դերակատարությունը՝ ակնհայտ է, որ արտաքին և միգուցե ներքին կոնկրետ ուժեր շահագրգռված են հայ ազգը պառակտելու և Արցախի հանդեպ բացասական տրամադրություններ խթանելու հարցում:

«Ցավոք, այդ նպատակներին սպասարկող հուզական մանիպուլյացիաների ծուղակն են ընկնում բազմաթիվ անձինք, որոնք ամենևին դիտավորություն չեն ունենում վնասելու մեզ համար այնքան կարևոր ներքին համերաշխությունն ու ամրությունը: Ուստի դա ևս մեկ հիմք պետք է լինի սրտացավ մարդկանց համար զգուշանալ նման արհեստական ու հանցավոր արշավներին հավատալուց և մասնակցելուց: Նույնը, իհարկե, վերաբերում է նաև արցախաբնակ մեր հայրենակիցներին»,–գրել է Բեգլարյանը:

Նրա խոսքով` մենք պարտավոր ենք ջուր չլցնել մեր սեփական արժեքներին ու սկզբունքներին հակասող գործընթացների ջրաղացին: Բեգլարյանը հորդորում է չմոռանալ, որ հատկապես ճգնաժամային պայմաններում մեր ներազգային համերաշխության ու միասնական ջանքերի անհրաժեշտություն կա:

Նշենք, որ Sputnik Արմենիան անդրադարձել էր ֆեյքերի կողմից իրականացվող քարոզչությանն ու արցախցիների հալածմանը։