Միշուստինը զանգել է Փաշինյանին և ասել, թե ինչու է մոսկովյան հանդիպման ձևաչափը փոխվել

Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որը պետք է կայանար Մոսկվայում, կիրականացվի հեռահար եղանակով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

«Պարոն Միշուստինը տեղեկացրել է, որ ելնելով համաճարակային իրավիճակից, դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որը դեկտեմբերի 4-ին պետք է կայանար Մոսկվայում, իրականացվի հեռահար եղանակով»,–նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր:

Նիկոլ Փաշինյանը Մոսկվա չի մեկնի. հանդիպումը կկայանա տեսակապով

Հիշեցնենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը պետք է տեղի ունենար Մոսկվայում։ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցը կազմակերպելու համար այսօր՝ նոյեմբերի 30-ին, Մոսկվա պետք է մեկներ ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանը:

Դեկտեմբերի սկզբին նախանշված այցն արդեն որոշակի հարցեր էր առաջացրել մամուլում:

Որոշ շրջանակներում այդ այցը մեկնաբանվում էր Փաշինյան- Պուտին հնարավոր հանդիպման համատեքստում: Այժմ, սակայն, ՀՀ վարչապետի այցը չեղարկվեց:

Նշենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում կողմերը քննարկելու են մինչև 2025 թվականը Եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարության հետ կապված հարցեր, ինչպես նաև ԵԱՏՄ ներքին շուկայում բացառումների և սահմանափակումների ցանկը: