Նիկոլ Փաշինյանը Մոսկվա չի մեկնի. հանդիպումը կկայանա տեսակապով

Փաշինյանի այցը կազմակերպելու համար նոյեմբերի 30-ին Մոսկվա պետք է մեկներ ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ, տեղի կունենա հեռավար կարգով՝ տեսակոնֆերանսի ռեժիմով: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ԵԱՏՀ կոլեգիայի ղեկավարի օգնական Իյա Մալկինան: 

«Դեկտեմբերի 4–ին տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ, բայց ոչ առերես ձևաչափով, ինչպես պլանավորվում Էր ավելի վաղ», - գրել է Մալկինան:

Հիշեցնենք, որ նիստը պետք է տեղի ունենար Մոսկվայում։ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցը կազմակերպելու համար այսօր՝ նոյեմբերի 30-ին, Մոսկվա պետք է մեկներ ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանը:

Դեկտեմբերի սկզբին նախանշված այցն արդեն որոշակի հարցեր էր առաջացրել մամուլում:

Որոշ շրջանակներում այդ այցը մեկնաբանվում էր Փաշինյան- Պուտին հնարավոր հանդիպման համատեքստում: Այժմ, սակայն, ՀՀ վարչապետի այցը չեղարկվեց:

Նշենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում կողմերը քննարկելու են մինչև 2025 թվականը Եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարության հետ կապված հարցեր, ինչպես նաև ԵԱՏՄ ներքին շուկայում բացառումների և սահմանափակումների ցանկը: