ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանն այսօր Sputnik միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում Մոսկվա–Երևան–Մինսկ–Նուր-Սուլթան–Բիշքեկ տեսակամուրջի ժամանակ հայտնեց, որ առաջիկա օրերին Եվրասիական միությունում կգործարկվի «Ճանապարհորդում եմ առանց Covid–ի» փորձնական նախագիծը։
Նախագծին մասնակցելու համաձայնություն են տվել Ռուսաստանը, Հայաստանն ու Բելառուսը։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նրանց համար Covid թեստերի տվյալների միասնական բազա է ստեղծել։ Երբ ուղևորը թեստ հանձնի լաբորատորիայում, արդյունքներն անմիջապես կուղարկվեն բազա, և այդ տվյալները կկարողանան տեսնել սահմանային հսկողության ծառայողները։
Դրա համար ուղևորները պետք է հավելված բեռնեն, որի միջոցով լաբորատոր արդյունքների QR կոդ կստանան։ Հենց այդ կոդն էլ ցույց կտան սահմանապահներին, և նրանք հատուկ սարքերի միջոցով կկարողանան անմիջապես տեսնել թեստի պատասխանը։
«Մենք փորձնական նախագծի արդյունքները որոշ ժամանակ անց կներկայացնենք ազգային կառավարություններին, և նրանք կորոշեն` այն մշտական հիմունքներով կընդունվի ԵԱՏՄ ամբողջ տարածքում, թե ոչ: Մենք հուսով ենք, որ նախագիծը շուտով կգործարկվի Ղազախստանում և Ղրղզստանում», - ավելացեց Սարգսյանը։
Նա հիշեցրեց, որ հավատարմագրված լաբորատորիաների ցանկը հաստատում է յուրաքանչյուր երկրի կառավարությունը, ոչ թե Եվրասիական միությունը։ Սահմանապահները կարողանում են տեսնել լաբորատոր թեստերի տվյալները, որոնք, սակայն, չեն փոխանցվում նրանց, քանի որ բժշկական գաղտնիք են պարունակում։
Սա արվում է սահմանը հատելու գործընթացը դյուրացնելու համար։
«Ճանապարհորդում եմ առանց Covid–ի» նախագիծը շուտով հասանելի կլինի App Store-ում և Google Play-ում: