«ՀՀ կառավարություն էլ կդիմենք». մտավորականները Ֆրանսիայի դեսպանատուն նամակ կհանձնեն

Գերիների և զոհված զինծառայողների մարմինների վերադարձի պահանջով մտավորականներն այս անգամ էլ Ֆրանսիայի դեսպանատուն կդիմեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Շառլ Ազնավուրի հրապարակում հավաքվել են մտավորականները` երթով Ֆրանսայի դեսպանատուն գնալու և գերիների և զոհված զինծառայողների մարմինների վերադարձի պահանջով նամակ հանձնելու համար։

Պուտինն Ադրբեջանում պահվող հարյուրավոր գերիների հարցերով անձամբ է զբաղվում. Արա Աբրահամյան

Դերասան Աշոտ Ղազարյանը լրագրողների հետ զրույցում ասաց` միացել է երթին, քանի որ ինքն էլ, ինչպես անհետ կորածների ծնողները, չի կարողանում քնել, ներսը վառվում է այս ամենից` ինչքան էլ նկարահանումների ժամանակ ժպտում է։

«Իմ տղան 1-2 ժամ ուշ է տուն գալիս` արդեն անհանգստանում ենք, իսկ այս մարդիկ 1 ամսից ավել է`իրենց երեխաներից լուր չունեն։ Շատ դաժան է ու դժվար։ Պետք է դիմենք միջազգային կառույցներին, որ գոնե մի բանով կարողանան օգնել։ Հարցն այն է, որ ծնողներն ուզում են իմանալ` իրենց երեխան ո՞ղջ է, թե ոչ»,–ասաց Ղազարյանը։

Գերիների վերադարձն ու դիակների փոխանակումը հրատապ լուծում է պահանջում. Հայաստանի ՄԻՊ

Նրա խոսքով` իրենց հավաքներն ապաքաղաքական են, ինչի համար էլ Ղազարյանը հրաժարվեց պատասխանել քաղաքական հարցերի։

Կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը նույնպես վստահեցրեց` քաղաքացիական ակցիա են իրենք անում, այլ ոչ թե քաղաքական։ «Մենք ուզում ենք ցույց տալ, որ մտահոգ ենք, այլ ոչ թե նստած ենք սրճարանում ու կապուչինո ենք խմում»,–ասաց Գրիգորյանը։

Դերասան Հրանտ Թոխատյանը հայտնեց, որ նախ նամակ կհանձնեն Ֆրանսիայի դեսպանատուն, որից հետո կշարժվեն ՌԴ դեսպանատուն տեսնելու իրենց` երեկ հանձնած նամակին ընթացք տրվե՞լ է։

Մտավորականների մի խումբ նամակով դիմել է ՌԴ դեսպանին՝ անհայտ կորածների ու գերիների հարցով

«Այս նամակներն օգուտ կտան, եթե աշխարհով մեկ հնչի մեր ձայնը։ Նույն նամակով մենք դիմելու ենք նաև մեր կառավարությանը` իմանալու, թե ինչով կարող ենք օգնել կամ խանգարել։ Մենք քաղաքական որևէ հարց չենք բարձրացնում` կգնա՞ այս անհատը կամ կգա՞ մեկ ուրիշը` այս հարցի համար այսօր կարևոր չէ, քանի որ այս հարցն ավելի հրատապ է»,–ասաց Թոխատյանը։

Մտավորականներն այժմ երթով Ֆրանսիայի դեսպանատուն են գնում։

Հիշեցնենք, որ երեկ էլ մտավորականների մի խումբ նամակով դիմել էր Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ անհայտ կորածների ու գերիների հարցով։ Նամակում ասված է, որ թեև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունից հետո 20 օր է անցել, տասնյակ մարդիկ շարունակում են անհայտ կորած կամ գերեվարված մնալ։ Նրանք Կոպիրկինին խնդրում էին` անձամբ միջամտել գործընթացին։

Մտավորականները վաղն էլ Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն են գնալու։

Հավելենք, որ հրադադարի հաստատումից հետո գերիների ու անհետ կորածների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան։