ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում հայտնաբերվել է ական. ավելի ուշ պարզվել է, որ այն մարտական հակահետևակային ական է: Սակրավորներին ու փրկարարներին հաջողվել է այն վնասազերծել:
ՀՀ ԱԻ Շիրակի մարզի փրկարարական վարչություն ահազանգել է բնակիչներից մեկը, առավոտյան 10:30-ին, և օպերատիվ խումբն անմիջապես դեպքի վայր է ժամանել: Որոնողական աշխատանքներ կատարելիս պարզ է դարձել, որ «Ոսկե բլուր» ռեստորանային համալիրի մոտակայքում՝ «Օզանյան», «Մարտի 8-ի» փողոց և «Ղարսի» խճուղի խաչմերուկների աջակողմյան հատվածում գտնվել է ականանման առարկա:
Ստեփանակերտում ու Ասկերանում ականազերծում է կատարվում
Տարածքն անմիջապես սահմանազատել է: ՃԿԿ ավագ հրահանգիչ, փ.ծ կապիտան Գոռ Ավետիսյանը Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ ականը հայտնաբերվել է տարածքում հողային աշխատանքներ կատարելու ժամանակ: «Երբ պարզ դարձավ, որ ականը մարտական հակահետևակային է, անմիջապես կանչվեցին սակրավորներ՝ Գյումրիում տեղակայված N զորամասից: Երբ պարզ դարձավ, որ այն մարտական վիճակում է և տեղափոխման ենթակա չէ, որոշում կայացվեց տեղում վնասազերծում իրականացնել»,-նշեց Գոռ Ավետիսյանը` տեղեկացնելով, որ ականը կոռոզիայի ենթարկված չէր:
Վնասազերծումն իրականացվել է տարածքում համապատասխան անվտանգության բոլոր նորմերը պահպանելով: Ականի վնասազերծվել է 17:50-ին: