«Ազգային անվտանգության» ղեկավար Գառնիկ Իսագուլյանի հայտարարություններով կզբաղվի ԱԱԾ–ն

ԱԱԾ–ն խոստանում է ապատեղեկատվություն և զրպարտչական բնույթի կեղծ լուրեր տարածելու գործելաոճը շարունակելու դեպքում համապատասխան իրավական գործընթացներ նախաձեռնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունը նոյեմբերի 25-ին դիմել է ՀՀ դատախազությանը` «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կողմից օրեր առաջ կայացած ասուլիսի ընթացքում ներկայացված դիտարկումների կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ–ի մամուլի ծառայությունը։

Ինչո՞ւ Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանն այդպես էլ չմեկնեցին Մոսկվա. Փաշինյանը գրառում է արել

Իսագուլյանն ասել էր, որ Հայաստանում հեղափոխությունը կատարվել է բացառապես ադրբեջանական փողերով։ Իսագուլյանի խոսքով` այդ գումարները Վրաստանում ԱՄՆ դեսպանատնից Հայաստան են ներկրել հիմնականում Արմեն Գրիգորյանը, որն այժմ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն է, Լիլիթ Մակունցը, որն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա կինը՝ Աննա Հակոբյանը... Իսագուլյանն ասել էր նաև, որ սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմի մասին Փաշինյանն իմացել է դրա մեկնարկից 1.5 ամիս առաջ։

«Հիշյալ ասուլիսի ընթացքում արված հայտարարությունների հավաստիության վերաբերյալ տեղեկություններ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում առկա չեն»,–նշված է ԱԱԾ հայտարարության մեջ։

Հոկտեմբերի 19-ին Արցախի նախագահն ինձ ասաց, որ պետք է կանգնեցնել պատերազմը. Փաշինյան

ԱԱԾ–ն հորդորում է նաև ՀՀ ազգային անվտանգության մարմինների գործառույթների վերաբերյալ յուրովի պատկերացումներ ունեցող, վերջիններիս լիազորությունների շրջանակներում ստացված տեղեկություններին հասկանալի պատճառներով չտիրապետողներին զերծ մնալ հանրությանը մոլորության մեջ գցող, ներքին լարվածություն հրահրող, ինչպես նաև պետական կառույցի հեղինակությունը խաթարող հրապարակումներից:

ՀՀ ազգային անվտանգության մարմինների և պաշտոնատար անձանց վերաբերյալ ապատեղեկատվություն և զրպարտչական բնույթի կեղծ լուրեր տարածելու գործելաոճը շարունակելու դեպքում ԱԱԾ–ն խոստանում է համապատասխան իրավական գործընթացներ նախաձեռնել։

Եռակողմ համաձայնագիրը դատափետողները չեն ասում` առաջարկո՞ւմ են հրաժարվել դրանից. Փաշինյան