ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. 2020թ.-ի հուլիս-օգոստոս ամիսներին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ծրագրել էր ագրեսիայի ակտ իրականացնել Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ: Այդ նպատակով Ադրբեջանի զինված ուժերի պատասխանատու պաշտոնատար անձինք նախնական համաձայնություն են ձեռք բերել Թուրքիայի պատասխանատու պաշտոնատար անձանց հետ՝ Ադրբեջանի ԶՈւ–ն միջազգային ահաբեկչական խմբավորումների վարձկաններով համալրելու վերաբերյալ: Նման տվյալներ են ձեռք բերվել միջազգային ահաբեկչության դեպքի առթիվ ՀՀ դատախազության հարուցած քրեական գործով:
Ձեռք բերված տվյալների համաձայն` Արցախի ու Հայաստանի տարածքում ահաբեկչություն կատարելու նպատակով Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության պատասխանատու պաշտոնատար անձինք ֆինանսական միջոցներ, զենք ու ռազմամթերք են տրամադրել «Սուլթան Սուլեյման Շահ /Ալ Ամշաթ», «Սուկուր», «Ալ Համզաթ», «Սուլթան Մուրադ» միջազգային ահաբեկչական խմբավորումներին, այդ կազմակերպություններից ընտրել ահաբեկիչ-վարձկանների, ապահովել նրանց անարգել անցումը Սիրիայից Թուրքիա, ապա Ադրբեջան:
Դատախազությունը հայտնում է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ից սկսած՝ «Սուլթան Սուլեյման Շահ /Ալ Ամշաթ» և «Սուլթան Մուրադ» խմբավորումների կազմում ընդգրկված 2000-ից ավել վարձկան Ադրբեջանի զինված ուժերի հետ ներգրավվել և ակտիվ մասնակցել են Արցախի Հանրապետության դեմ ռազմական գործողություններին:
Այս փաստերով ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում ահաբեկչության ֆինանսավորման դեպքի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 217.1-րդ հոդվածի (Ահաբեկչության ֆինանսավորում) 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ:
Հիշեցնենք` Արցախի դեմ սանձազերծված պատերազմի առաջին իսկ օրերից հայտնի դարձավ, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Այս տեղեկությունները հաստատել էր նաև ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը:
ՌԻԱ Նովոստին էլ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 16-ին ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի։
Ձերբակալվել է Արցախի դեմ կռվող ահաբեկչական խմբավորման անդամներից մեկը
Հայտնի է, որ սիրիացի ահաբեկիչներին 1,5-2 հազար դոլար են խոստանում ռազմական գործողություններին 1 ամիս մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայաստանյան և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։
Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը
Նշենք, որ հայկական կողմին արդեն հաջողվել է գերեվարել 2 սիրիացի վարձկան–ահաբեկչի։ Նրանցից առաջինին` Մեհրեդ Մուհամմադ Ալշխերին, բռնել են հոկտեմբերի 30–ին, իսկ երկրորդին` Յուսեֆ Էլ Աբեդ Էլ Հաջիին, հայ զինծառայողները գերեվարել են նոյեմբերի 1–ին։ Նրանք արդեն ցուցմունք են տվել և պատմել իրենց հավաքագրելու պայմանների մասին։