ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրառում է արել՝ դատապարտելով սոցցանցերում արցախահայերի նկատմամբ վիրավորական և խտրական արտահայտությունները և գնահատականները։
«Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թույլ են տրվում խտրական, իսկ որոշ դեպքերում՝ անգամ ներքին թշնամանքի հասնող արտահայտություններ: Հիմա մեզ առավել քան անհրաժեշտ է ունենալ համերաշխություն ու լինել միասնական։ Իսկ նշված արատավոր երևույթները միայն ավելացնում են լարվածությունը, խոչընդոտներ են առաջացնում առկա խնդիրների հրատապ լուծումների համար», - գրել է օմբուդսմանը։
ՄԻՊ-ը կոչ է արել չներքաշվել նման քննարկումների մեջ՝ անկախ նրանից` ով է դա անում կամ ինչ խմբերում է արվում ու ինչ տեսակի հարցեր են շահարկվում։
Ադրբեջանն արհեստական ձգձգում է գերիների փոխանակումը. ՄԻՊ–ը դիմել է միջազգային հանրությանը
Թաթոյանի խոսքով՝ հաճախ նման քննարկումները հրահրվում են կեղծ կամ կասկածելի էջերից։
Նշենք, որ Sputnik Արմենիան ծավալուն անդրադարձ էր կատարել ֆեյքերի կողմից արվող քարոզչությանն ու արցախցիների հալածմանը։