Թուրքական ապրանքներից ազատված շուկայում «ձուկ բռնելու» հնարավորություններ կան. նախարար

Հունվարի 1–ից առնվազն վեց ամսով արգելվելու է թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծումը Հայաստան։ ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարարը վստահեցնում է, որ այդ բացը կարելի է լրացնել և գումար աշխատել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման 6–ամսյա արգելքին, որը, ըստ նրա, լավ բիզնես հնարավորություններ կստեղծի տեղական շուկան զարգացնելու համար։

Լավ կլինի՝ թուրքական ապրանք ներմուծողները վերապրոֆիլավորվեն և սկսեն հագուստ արտադրել

«Թուրքիայից ներմուծվող հիմնական խոշոր ապրանքախմբերն են. hագուստ՝ 69.4 մլն ԱՄՆ դոլար, ցիտրուսային պտուղներ՝ 10.3 մլն ԱՄՆ դոլար, մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ (էլ. ջեռուցիչ, սառնարան և այլն)՝ 35.3 մլն ԱՄՆ դոլար, նավթ և նավթամթերք՝ 24.3 մլն ԱՄՆ դոլար, քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք՝ 23.6 մլն ԱՄՆ դոլար, ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր՝ 21.6 մլն ԱՄՆ դոլար։ Ես իհարկե չեմ խրախուսում ցիտրուս աճեցնել, բայց ընդհանուր առմամբ տարեկան 200 մլն դոլարի ազատված շուկայում «ձուկ բռնելու» լավ հնարավորություններ կան»,–գրել է նախարարը։

Նրա խոսքով` ՀՀ էկոնոմիկայի նախարարություն թիմը պատրաստ է տրամադրել ավելի մանրամասն տեղեկատվություն` օգնելու լրացնել այս բացը հայկական կամ բարեկամական ծագման ապրանքներով և գումար աշխատել։

Ապրանքների մանրամասն ցանկը կարելի գտնել այստեղ։

Նշենք, որ թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծումն առնվազն վեց ամսով արգելվելու է հունվարի 1-ից։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ թուրք–ադրբեջանական ու ահաբեկչական ուժերի սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից հայաստանյան սպառողներն ու խոշոր առևտրի ցանցերն արշավ սկսեցին թուրքական ապրանքների վաճառքի դեմ։

Ի պատասխան հանրային դժգոհության` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը համապատասխան որոշման նախագիծ ներկայացրեց հանրային քննարկման։ Իսկ հոկտեմբերի 20-ին այն արդեն ընդունվեց ՀՀ կառավարության կողմից։

Ի՞նչ հետևանք կունենա թուրքական ապրանքների ներկրման արգելքը ՀՀ տնտեսության վրա