Հայաստանի օմբուդսմանն իշխանությունից պահանջում է ասել ողջ ճշմարտությունը սահմանների մասին

Արման Թաթոյանը կարծում է, որ հասարակությաննն անորոշության մեջ պահելը պարզապես անթույլատրելի է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմում է իշխանություններին՝ պահանջելով դադարեցնել հանրությանն անորոշության մեջ պահելը։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է մեր երկրի սահմանների փոփոխություններին։ Facebook-ի պաշտոնական էջում պաշտպանը գրել է, որ իշխանությունները պարտավոր են բացատրել, մանրամասնորեն պարզաբանել՝ այս պատերազմից հետո մեր երկրի սահմանների հետ կապված ինչ կոնկրետ զարգացումներ կամ լուծումներ են նախատեսված։

Սոթքում տեղի ունեցող գործընթացները եռակողմ հայտարարության շրջանակում են. վարչապետ

«Ու դա նրանք չպետք է անեն այն պատճառով, որ ստիպված են չեզոքացնել մեր երկրի անվտանգությանն առնչվող անսպասելի զարգացումների հետևանքները կամ մեղմել հանրության զայրույթն այդ անսպասելի զարգացումների կապակցությամբ։ Պետք է ի վերջո գիտակցել, որ խոսքը մեր պետության պաշտպանության, մեր ժողովրդի ու յուրաքանչյուր անձի ֆիզիկական անվտանգության ու ապահովության մասին է»,- գրել է Թաթոյանը։

Նա անթույլատրելի է համարում հանրությանն անորոշության մեջ պահելը։ Նրա կարծիքով՝ այսկերպ հատկապես սահմանամերձ գյուղերի բնակիչների համար տագնապային վիճակներ են ստեղծվում ու այդ ամենով խաթարվում է նրանց հոգեկան անձեռնմխելիությունը։ Պաշտպանն ընդգծում է՝ չի կարելի մարդկանց պահել անընդհատ լարվածության մեջ։

«Սրանք պետության ուղիղ պարտավորություններն են, պոզիտիվ պարտավորությունները յուրաքանչուր մարդու հանդեպ»,- եզրափակում է Հայաստանի ՄԻՊ-ը։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Հիշեցնենք՝ նոյեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքներ են կատարվում, և Վարդենիսի տարածաշրջանում, օրինակ, Սոթքի ոսկու հանքավայրի մի հատվածն ադրբեջանական կողմում է մնալու։

Երեկ Սոթքում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտնեց, որ սահմանազատման աշխատանքները շարունակվում են, և առաջիկայում խնդիրներ կարող են առաջանալ նաև այլ հատվածներում, օրինակ՝ մինչև Ջերմուկ հասնող լեռներում։

Միաժամանակ, խուճապային տրամադրություններ են Սյունիքի մարզի սահմանային մի քանի գյուղերում։ Բնակիչները տարակուսած են, թե որտեղով է սահմանն անցնելու։ Մամուլում լուրեր էին շրջանառվում նաև այն մասին, թե Տավուշի մարզի 7 գյուղեր ևս Ադրբեջանին են անցնելու, քանի որ նախկինում դրանք Ղազախի շրջանի կազմում են եղել։

Մարզպետ Հայկ Չոբանյանը շտապեց հերքել լուրերը՝ նշելով, որ նման բան չկա։

Տարածքի բնակչության 30 %-ն աշխատում է հանքում. Սոթքի բնակիչները շվարած են. տեսանյութ