Ռուսաստանի Դաշնության մասնագետներն Արցախում չափագրում են վնասները

Արցախի մայրաքաղաքում և շրջաններում արդեն մեկնարկել են վերակառուցման աշխատանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik․ Պատերազմական գործողությունների հետևանքով Արցախում ավերված բնակարանները, հանրային ու կենսական նշանակության ենթակառուցվածքները վերականգնման փուլում են: Տեղեկությունը հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը Facebook-ի պաշտոնական էջում։

«Մինչ շինարարության մեկնարկը ԱԻ պետական ծառայության, ՌԴ ԱԻՆ և քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչները կատարել են վնասների չափագրում»,- տեղեկացնում են ծառայությունից։

Արդեն մայրաքաղաք Ստեփանակերտում և շրջաններում սկսվել են վերանորոգման և վերակառուցման աշխատանքները:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը երկու անգամ մարդասիրական աջակցության շրջանակում շինանյութ է ուղարկել Ստեփանակերտ՝ պատերազմի պատճառով ավերված շենք-շինությունները վերակառուցելու, ստեղծված հումանիտար աղետը հաղթահարելու նպատակով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ ԱԻՆ փոխանցմամբ՝ առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում 10 բազմաբնակարան շենքեր պատրաստ կլինեն ընդունել բնակիչներին․ պատերազմի ընթացքում վնասված այդ շենքերը վերանորոգվել են Ռուսաստանի ԱԻՆ-ի կողմից բերված շինանյութերով։

Բացի բազմաբնակարան շենքերից, վերականգնվում են նաև մասնավոր տները։ Շինարարական նյութերը բաշխում են նաև այս բնակիչների շրջանում։

Փրկարարների խումբը սկսել է հետազոտել նաև կանգուն մնացած դպրոցները։ Նախատեսվում է, որ աշխատանքները կավարտվեն այս տարվա դեկտեմբերի 1-ին։

Քարվաճառից աշխարհազորայիններին տարհանելու ժամկետը երկարաձգվել է 10 օրով