Փարիզում ցույցերը վերածվել են անկարգությունների. տեսանյութ

Խաղաղ ցույցին միացել են սև հագուստով մի խումբ մարդիկ, որոնք վիրավորական արտահայտություններ են հնչեցրել ոստիկանների հասցեին, իսկ հետո սկսել են շշեր նետել նրանց վրա: Ոստիկանությունն իր հերթին արցունքաբեր գազ է կիրառել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik․ Փարիզում զանգվածային ցույցեր են անցկացվում, մարդիկ պայքարում են «Գլոբալ անվտանգության մասին» օրենքի դեմ։ Այսօր ցույցերը վերածվել են անկարգությունների։ Ցուցարարներն այրել են Բաստիլի հրապարակում գտնվող կրպակը, կոտրել են ռեստորանների ապակիները, անգամ արմատախիլ են արել փոքր ծառերը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Փարիզում ցույցերը վերածվել են անկարգությունների. տեսանյութ

«Գլոբալ անվտանգության մասին» օրենքը խորհրդարանն ընդունել է այս շաբաթ: Օրենքի 24-րդ հոդվածը պատիժ է նախատեսում ոստիկանի կամ ժանդարմի «դեմքը կամ նույնականացման որևէ այլ տարր տարածելու համար»: Այս կանոնը խախտողներին սպառնում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Օրենքը զանգվածային դժգոհություն է առաջացրել։ Մարդիկ դուրս են եկել փողոց։

Խաղաղ ցույցին միացել են սև հագուստով մի խումբ մարդիկ, որոնք վիրավորական արտահայտություններ են հնչեցրել ոստիկանների հասցեին, իսկ հետո սկսել են շշեր նետել նրանց վրա: Ոստիկանությունն իր հերթին արցունքաբեր գազ է կիրառել։

Օրենքի դեմ պայքարում են նաև լրագրողները, նրանք մտավախություն ունեն, որ այն ուժի մեջ մտնելուց հետո ԶԼՄ-ների աշխատակիցներն ու քաղաքացիները չեն կարողանա հանրահավաքների և բողոքի ակցիաների ժամանակ ազատ նկարահանել ուժայինների աշխատանքը: Պաշտոնական Փարիզն իր հերթին հավաստիացրել է, որ օրինագիծը չի արգելի լրագրողներին արձանագրել ոստիկանության գործողությունները:

Հիշեցնենք` Փարիզում անկարգություններ էին տեղի ունեցել նաև այս տարվա հունիսին։