ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է Մոսկվա

Հանդիպմանը վերաբերող շատ մանրամասներ չեն հաղորդվում։ Հայտնի է, որ ՀՀ նախագահը կանդրադառնա նաև Արցախի շուրջ վերջին զարգացումներին և Հայաստանում ստեղծված իրավիճակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնավոր այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Հավակնո՞ւմ է արդյոք վարչապետ դառնալ. պատասխանում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը

Նշվում է, որ նախագահը շարունակում է քննարկումները սփյուռքի հայկական համայնքների հետ։

«Նախագահ Սարգսյանը հանդիպում կունենա Ռուսաստանի հայ համայնքի և համայնքային կառույցների մի շարք ներկայացուցիչների հետ, որի ընթացքում կանդրադառնա նաև Արցախի շուրջ վերջին զարգացումներին և Հայաստանում ստեղծված իրավիճակին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ նոյեմբերի 10-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների ստորագրած եռակողմ հայտարարությունից հետո, նախագահ Արմեն Սարգսյանը նշեց, որ փաստաթղթի մասին տեղյակ չի եղել, իր հետ որևէ խորհրդակցություն չի անցկացվել, ինքն էլ որևէ բանակցության չի մասնակցել։ Նախագահը հայտարարեց, որ հաշվի առնելով առկա իրավիճակով պայմանավորված՝ ժողովրդի ստվար զանգվածի խոր մտահոգությունները, նախաձեռնում է քաղաքական խորհրդակցությունների շարք։

Նա հանդիպումներ է ունեցել ՀՀ մի շարք կուսակցությունների, քաղաքական գործիչների, մտավորականների, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ։ Նախագահը հանդիպել է նաև Ամենայն հայոց կաթողիկոսի հետ, հեռախոսազրույցներ ունեցել Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ, նաև սփյուռքի տարբեր համայնքների ներկայացուցիչների, հայկական կառույցների ղեկավարների հետ։ Օրեր առաջ էլ նախագահը Հորդանանում էր, որտեղ ևս հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 27-ին էլ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Մոսկվա մեկնել։ Վարչապետի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանը նոյեմբերի 30-ին գործուղվում է Մոսկվա վարչապետի այցը կազմակերպելու և անցկացնելու նպատակով:

Փաշինյանի ստորագրած համապատասխան որոշման համաձայն՝ Հարությունյանը Մոսկվայում կլինի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ։

Փաշինյանի այցի վերաբերյալ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։

Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Սերգեյ Լավրովի հետ. ՀՀ նախագահը 2 խնդրի մասին է խոսել