Ֆրանսիան կշարունակի օգնել արցախահայությանը. Ժան-Բատիստ Լըմուան

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանն ընդգծել է, որ Ֆրանսիան պատրաստակամ է օժանդակել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական կրոնական և պատմամշակութային ժառանգության պահպանությանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին և նրա գլխավորությամբ՝ Ֆրանսիայից արցախահայությանն ուղարկած մարդասիրական օժանդակության չվերթն ուղեկցող պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

ՀՀ վարչապետը պետքարտուղար Լըմուանի հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ շփումները և երախտագիտություն հայտնել արցախահայությանը հումանիտար աջակցություն տրամադրելու համար:

«Մենք շնորհակալ ենք բարեկամ Ֆրանսիային՝ միջազգային հանրությանը Լեռնային Ղարաբաղում իրավիճակը ճիշտ ներկայացնելու և մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու համար»,- նշել է Փաշինյանը:

Ֆրանսիայի պետքարտուղար Լըմուանը նշել է, որ Ֆրանսիայի նախագահը վերահաստատում է արցախահայությանը շարունակական մարդասիրական աջակցություն ցուցաբերելու իր հանձնառությունը: Այդ նպատակով Ֆրանսիան արդեն երկրորդ հումանիտար առաքելությունն է ուղարկում:

Ֆրանսիայի մարդասիրական օգնության երկրորդ ինքնաթիռը Հայաստան է ժամանել

Նա նշել է, որ Ֆրանսիան պատրաստակամ է օժանդակել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական կրոնական և պատմամշակութային ժառանգության պահպանությանը:

Զրուցակիցները կարևորել են միջազգային հումանիտար կազմակերպությունների կողմից օժանդակության ցուցաբերումը:

Վարչապետը նաև հանդիպել է Ֆրանսիայից արցախահայությանն ուղարկված մարդասիրական օժանդակության չվերթն ուղեկցող պատվիրակության անդամների հետ:

Պատվիրակության անդամներն իրենց խոսքում ընդգծել են, որ Հայաստանը և Արցախը կարող են լիարժեք հենվել Ֆրանսիայի և ֆրանսահայ համայնքի աջակցության վրա, որը վկայում է հայ-ֆրանսիական սերտ բարեկամության մասին, և որը շարունակական է լինելու:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի մարդասիրական օժանդակության պատվիրակության անդամներին աջակցության խոսքերի և կատարած աշխատանքի համար և խնդրել իր ջերմ ողջույններն ու երախտագիտության խոսքերը փոխանցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:

Ֆրանսիայից ուղարկված հումանիտար օգնությունը կբաժանեն բուժհաստատություններին

Հիշեցնենք` այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել էր Ֆրանսիայից Հայաստան ժամանած հումանիտար օգնության ընդունման արարողությանը։ Մարդասիրական օգնությունը բաժանվելու է Հայաստանում գործող բուժհաստատություններին։

Նշենք, որ սա Ֆրանսիայից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնություն տեղափոխող երկրորդ ինքնաթիռն է։

Այն նախատեսված է աջակցելու արցախա-ադրբեջանական պատերազմի հետևանքով տուժած հայ բնակչությանը:

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Ֆրանսիայի դեսպանին ԼՂՀ-ի հետ կապված բանաձևի պատճառով