Միացյալ Թագավորության բժիշկները կօգնեն ՀՀ–ի Covid 19-ով ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդներին

5 շաբաթների ընթացքում օտարերկրյա բժիշկները կանցկացնեն վերապատրաստման դասընթացներ, փորձի փոխանակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik․ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հրավերով Միացյալ Թագավորությունից Հայաստան են ժամանել շտապ բուժօգնության թիմի անդամներ։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ Բժիշկները Հայաստանում 5 շաբաթ կմնան։

Հայաստանը COVID-19-ի դեմ պատվաստանյութ կգնի. արդեն համաձայնագիր է ստորագրվել

Առաքելության նպատակն է աջակցել մեր երկրում կորոնավիրուսային հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը կառավարելու և համավարակի դեմ պայքարի գործում:

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը մեր երկիր ժամանած բժիշկների հետ քննարկել է մի շարք բժշկական, ինչպես նաև կազմակերպչական հարցեր:

Նանուշյանն ընդգծել է, որ համավարակի առաջին օրվանից կառավարությունն անում է հնարավոր ամեն բան կորոնավիրուսը հաղթահարելու և բուժհաստատություններին մարդկային ռեսուրսներով, անհրաժեշտ սարքավորումներով ու դեղամիջոցներով ապահովելու համար։ Նա կարևորել է այս ոլորտում միջազգային համագործակցությունը:

«Բուժաշխատողներից և միջազգային փորձագետներից բաղկացած խումբն իր առաքելության շրջանակներում կանցկացնի դասընթացներ, փորձի փոխանակում: Միացյալ Թագավորության Շտապ բուժօգնության թիմը կաջակցի Հայաստանի առողջապահության նախարարությանը՝ ամրապնդելով և զարգացնելով առողջապահական ծառայությունների կարողությունները՝ COVID-19-ի շրջանակներում»,- տեղեկացնում են նախարարությունից։

Հանդիպման ընթացքում Լենա Նանուշյանը շնորհակալություն է հայտնել բժշկական թիմին` հայ բժիշկների կողքին կանգնելու համար։ Նա հույս է հայտնել, որ համագործակցությունը շարունակական կլինի:

Հիշեցնենք`Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը, սեպտեմբերի 27–ի տվյալներով, 132346 է։ 

Երկրում փաստացի բուժում է ստանում 24580 մարդ, կատարվել է 502607 թեստավորում, առողջացել են վարակվածներից 105149-ը։ Գրանցվել է մահվան 2090 դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը 527 է։

Կորոնավիրուսի պատվաստանյութը կարո՞ղ է պաշտպանել գրիպից. պատասխանում է մասնագետը