«Ճանաչեք Արցախը»․ Նյու Յորքի հայերն ակցիա են անցկացրել Մանհեթենում

Ակցիայի մասնակիցները հորդորել են պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ հայկական համայնքի ներկայացուցիչներն ակցիա են անցկացրել Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում` Արցախի անկախությունը ճանաչելու կոչ անելով ԱՄՆ իշխանությանը։ Տեղեկությունը հայտնում է Համահայկական բարեգործական ընդհանուր միությունը։

Ակցիայի մասնակիցները հորդորել են դադարեցնել Թուրքիայի ու Ադրբեջանի իրականացրած մշակութային ցեղասպանությունը։

Ցուցարարների ձեռքերում պաստառներ են եղել. «Թուրքիան մեղավոր է», «Ամոթ Ադրբեջանին», «150000 տեղահանված հայեր», «Ճանաչեք Արցախը»։ Ակցիայի ընթացքում Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կոչեր են հնչել։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են